Հայոց ցեղասպանության 106-ր տարելիցին պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չի լինելու: Այն բաց է լինելու բոլոր այցելուների համար։


Նշենք, որ այս տարի ապրիլի 24-ն առանձնահատուկ է, որովհետեւ այն տեղի է ունենում արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից 5 ամիս անց:

«Հիշատակի եռերգություն» խորագրով ծրագրի շրջանակում միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, երբ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրեցին Մոցարտի Ռեքվիեմը: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել տասից ավելի պատվիրակություններ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և այլն: