Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան Bloomberg գործակալության տեղեկությունը, որ վերջինս ստացել է երկու նախագահների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրից:


«Նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ինքը մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը ճանաչել որպես ցեղասպանություն»,- ասված է Bloomberg-ի հաղորդագրությունում։

Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի շաբաթ օրը հայտարարության մեջ, որն ավանդաբար արվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: Գործակալության տեղեկության հաստատման պարագայում, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով հրապարակավ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: