Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո իր ելույթում նշեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.


«Նորի՛ն Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ձե՛րդ Գերազանցություն Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ պարոն Արարատ Միրզոյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի հարգարժա՛ն նախարար պարոն Արա Այվազյան, հարգելի՛ բարեկամներ,

Միանում եմ այսօր Հայոց ցեղասպանության հիշատակմանը՝ ժողովրդի հետ միասին:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» (LIBERTAD) բառը աշխարհի ամենագեղեցիկ բառերից մեկն է: Իսպաներենում այն առաջացել է լատիներեն «libertas» բառից, որը լայն իմաստով մարդկային ունակությունն է գործելու սեփական կամքին համաձայն: Այն նաև ճնշման բացակայությունն է, նշանակում է չցանկանալ ենթարկել, ոչ էլ ենթակա լինել:

Այն գինը, որը բազմաթիվ ժողովուրդներ ստիպված են եղել վճարել ազատություն ունենալու համար եղել է բարձր՝ մարդկային կորուստների, ցավի և տառապանքի առումով: Էժեն Դելակրուայի հայտնի կտավը՝ «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը», որը ներշնչված է 1830թ. ֆրանսիական հեղափոխությամբ, շատ պատկերավոր է. որպեսզի եռագույնը կարողանա ծածանվել, բազում մարմիններ հանգչում են նրա ոտքերի տակ:

Հայաստանը, ինչպես Կենտրոնական Ամերիկան, շատ բարձր գին է վճարել ազատության համար: Մեր դեպքում հազարավոր մարդիկ ենթարկվել են կոտորածների քաղաքացիական պատերազմներում: Իսկ Հայաստանի դեպքում՝ միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի բազմադարյա մշակույթը, լեզուն և կրոնը կարողանան հարատևել:

Հայաստանը և Կենտրոնական Ամերիկան ունեն ևս մեկ ընդհանրություն՝ արտոնյալ աշխարհագրական դիրքը, որն արթնացրել է շատերի ագահությունը, և վճարել ենք շատ բարձր գին ազատության համար:

Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի անունից լռությամբ հարգանքի տուրք ենք մատուցում այդ ողբերգության զոհերի հիշատակին և ցանկանում ենք խաղաղության վերականգնում՝ ճշմարտության և արդարության հիման վրա՝ մեր ժողովուրդների միջև կառուցելով ամուր և երկարատև բարեկամություն: