Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած իր ելույթում նշեց Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդսը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.


«Ձերդ Սրբություն, Ձերդ Գերազանցություն, սիրելի ընկերներ,

Խոնարհումի զգացումով, Կիպրոսի կառավարության և ժողովրդի համերաշխության և աջակցության սրտագին ուղերձն եմ հղում ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։

Այսօր, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայի կողմից վայրագորեն իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հավաքական վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ։

1,5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, երբեք չպետք է մոռացվեն, և մենք չպետք է լուռ մնանք այս վայրագ արարքի հանդեպ։ Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի և աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին՝ իրենց ամուր վճռականության և դիմացկունության համար։

Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը։ 2015 թվականին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև։

Վերջին ամիսներին, Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում, Հայաստանը մեկ անգամ ևս ականատես եղավ հսկայական մարդկային տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի այս դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը` տարածաշրջանում ճգնաժամեր ստեղծելու միջոցով, այդ թվում՝ Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում։

Սիրելի ընկերներ,

Կիպրոսի Հանրապետությունը Հայաստանի մտերիմ բարեկամը, գործընկերը և դաշնակիցն է։ Մենք կիսում ենք ցավի և վշտի միևնույն զգացմունքները, քանի որ մեր երկիրը եղել և շարունակում է լինել Թուրքիայի ագրեսիվ, բռնի և կործանարար քաղաքականության զոհ։

Մեր ժողովուրդների միջև ամուր կապերը, կայուն և կենսունակ կիպրահայ համայնքը մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը: Կասկած չունեմ, որ այս եզակի և պատմական հարաբերություններն առաջիկայում է՛լ ավելի կամրապնդվեն։

Մեր երկու երկրները և համապատասխան համասփյուռքյան կազմակերպությունները կշարունակեն աշխատել միասին՝ միավորելով իրենց ջանքերը տևական և կայուն ազատության և արդարության հասնելու համար:

Ամփոփելով խոսքս՝ հայ ազգին սրտանց մաղթում եմ առողջություն և բարգավաճում։

Թո՛ղ հավերժ վառ մնա ցեղասպանության զոհերի հիշատակը։