Բայդենի ճանաչումից հետո 100-ամյա ավանդույթով մեծ տերություններ համարվող պետություններից Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել խորհրդարանական Մեծ Բրիտանիան, եւ Ռուսաստանը՝ նախագահի մակարդակով, նկատի առնելով, որ Ռուսաստանը նախագահական երկիր է։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն որպես նախագահական պետություններ ճանաչել են նախագահի մակարդակով, Գերմանիան ու Իտալիան՝ որպես խորհրդարանական պետություններ՝ խորհրդարանների մակարդակով։


Նշենք, որ հայ ամենամեծ համայնքը Ռուսաստանում է։ Այդ երկրի պաշտոնական մամուլը, ի տարբերություն նույնիսկ բրիտանականի, սովորաբար չի անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային, անդրադառնալու դեպքում էլ՝ զուտ թուրքական տեսանկյունից։ Ավելին, Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունն ու պրոպագանդոնները, գերադասելի է հաստիքային հայեր, հայհոյում է Բայդենին ցեղասպանությունը ճանաչելու համար։


20 տարվա մեջ ՌԴ նախագահ Պուտինը ոչ մի անգամ ուղերձով հանդես չի եկել ապրիլի 24-ին, իսկ 2015-ին 100-ամյա տարելիցին Օբամայի համառ պնդումներից հետո ժամանելով Երեւան, իր ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել ցեղասպանություն բառը։


Շատերին դա տարօրինակ է թվում, նկատի ունենալով, որ ՌԴ-ն Հայաստանի «դաշնակիցն» է, Պետդուման 1995-ին ճանաչել է ցեղասպանությունը։ Սակայն դրանից հետո Թուրքիային ամենաբարձր մակարդակով երաշխիքներ են տրվել, որ ճանաչումը դրանից այն կողմ չի գնալու, եւ որեւէ հետեւանքներ չեն լինելու ռուս-թուրքական բազային հարաբերությունների առումով։

Պուտինի եւ ընդհանրապես Մոսկվայի այս դիրքորոշման հիմքում պատմական խորը բարդույթներն են, էթնիկ ատելությունը եւ քաղաքական հաշվարկները, որոնցից «ամենաթարմ դրսեւորումը» Հայաստանի դեմ ռուս-թուրքական շարունակվող ահաբեկչական ագրեսիան է Հայաստանը մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու նպատակով։

Դժվար թե Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը, որոնց «միավորում է» 100 տարի առաջ հայկական հարցով գործարքը Լենին-Աթաթուրք համաձայնությունների համատեքստում, ճանաչեն հայերի ցեղասպանությունը, հետեւելով Բայդենի օրինակին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/25/637173/