Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հարցազրույցիորոշ հատվածների արտահոսք, որտեղ նա բողոքում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջամտում է այլ պետությունների հետ երկրի հարաբերություններին։ Նա քննադատում է անցած տարի սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին այն բանի համար, որ վերջինս Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել միջուկային գործարքն Արևմուտքի հետ։


Սկանդալը բռնկվեց Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ ապրիլին վերսկսված բանակցությունների ֆոնին։ Բանակցությունները կարող են ավարտվել Իրանի դեմ պատժամիջոցների վերացմամբ և Վաշինգտոնի ու Թեհրանի մերձեցմամբ։ Արդյոք արտահոսքը պայմանավորված է նրանով, որ Իրանը կրկին զգացել է համաձայնագիրը տապալելու փորձեր:


Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի խմբագրությունում։ Ձայնագրության կրկնօրինակը կա նաև BBC պարսկական ծառայության մոտ։ Զարիֆը այդ հարցազրույցը տվել է մարտին, բայց պետք է եթեր դուրս գար այն բանից հետո, երբ նախագահ Հասան Ռոհանին կհեռանար իշխանությունից հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրութուններից հետո։

Զարիֆի խոսքով, 2015 թվականին Սուլեյմանի հետ բանակցությունները նախաձեռել է Մոսկվան, որի նպատակն էր խափանել այդ օրերին Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։ «Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել Իրանի ԱԳ նախարարության ձեռքբերումները», ասում է նախարարը։ Այդ պատճառով Զարիֆը ստիպված էր դիմել «կոպիտ ու ոչ դիվանագիտական լեզվի» Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում:

Մոսկվայի հետ հարաբերությունների և ատոմային գործարքի մասին խոսելիս, Զարիֆը հիշեցնում է լուսանկարը, որը արվել է փաստաթուղթը ստորագրելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ Նկարում չկա Ռուսաստանի ներկայացուցիչը։ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերի, այդ պատճառով միջուկային գործարքը նրան ձեռնտու չէր, ասում է Զարիֆը։

Հատկանշական է, որ արտահոսքը տեղի ունեցավ այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ օրը Իրանում կայացել են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը պաշտոնական ԶԼՄ-ներում անվանվել է հենց ցեղասպանություն:

Դրանից մի քանի օր առաջ Իրանի հետ սահմանակից Հայաստանի Սյունիքի մարզում միաժամանակ գտնվում էին Հայաստանի նախագահը, վարչապետը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանը։ Երեւանում կայացավ Հայաստան-Հունաստան-Իրան-Վրաստան-Բուլղարիա հնգակողմ հանդիպումը, որտեղ քննարկվել է Հյուսիս-հարավ Պարսից ծոց – Սև ծով միջանցքի գործարկման հարցը: Թուրքիան և Ռուսաստանը դրան փորձում են հակադրել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ռուս-թուրքական միջանցքը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/27/637484/