Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի և ՀՀ հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով տարբեր սադրիչ գործողություններ, հարձակվելով ՀՀ քաղաքացի հովվի վրա, գիշերը 350 մետր առաջ գալով Մարտակերտի հատվածում, պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով Շուռնուխի բնակիչների նկատմամբ, թշնամին լարվածություն է ստեղծում և անթաքույց կերպով հող է նախապատրաստում առաջիկա նոր բախումների համար։
Այս պայմաններում խոսել միակողմանի խաղաղության կամ թշնամանքից հրաժարվելու մասին, նշանակում է վեր բարձրացնել ձեռքերը և հանձնվել։ Խաղաղությունը լավ բան է, բայց որքան էլ մենք վախենանք կամ խուսափենք թշնամուն ատամ ցույց տալուց, նա այնքան ավելի է մեզ հրելու դեպի նոր պատերազմ։
Խնդրում եմ՝ չասել, թե մենք չենք կարող, զենք չունենք, սպառված ենք կամ նման բաներ։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է։ Մեզ պակասում է զգոնությունը և ճիշտ տեղեկացված լինելը իրականության մասին։
2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չունի հայ զինվորի, հայ ազգի ոգեղենության, մարտական վիճակի հետ։ Հիմա ժամանակն է՝ սրբելու արցունքները և մտածելու առաջիկա տարիների հաղթանակների ապագայի մասին։ Ժամանակն է նորից զինվելու»: