«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը և հաստատի այն: Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը և քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար: Ասել է թե՝ Դատախազությունը չի հաշտվել կոմիտեի որոշման հետ և որոշել է մինչև վերջ գնալ Արթուր Վանեցյանի գործողությունների մասով, նպատակ է դրել ամեն կերպ հասնել նրան, որ այդ հոդվածով քրգործ հարուցվի, ու Վանեցյանը պատժվի: Իրավական դաշտում, սակայն, փաստարկները համոզիչ չեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։