Այն թերությունները, որ ունեցել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանք որպես պետություն չենք վերացրել: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:

«Երբ մենք խոսում ենք բանակի եւ պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը մենակ չի պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմների, սակայն անգամ ապրիլյան պատերազմից հետո մեր պետությունը չի պատրաստվել ոչ մինչեւ հեղափոխությունը, ոչ էլ դրանից հետո: Այդտեղ բնականաբար, մեծ պլաններ են եղել, ես օրինակ, Օնիկ Գասպարյանի մասով կարող եմ ասել, որ մեծ պլաններ են եղել, թե ինչ պետք է արվի, բայց մեկ նշանակումից մեկ ամիս հետո սկսվել է 44-օրյա պատերազմը: Հետեւաբար մենք պետք է դիվանագիտական դաշտում ամեն ինչ անեինք, որ պատերազմ չսկսվեր»,-ասաց նա:


Մարուքյանը նկատեց, որ տարիներ շարունակ Հայաստանում ներքաղաքական պրոպագանդան եղել է հետեւյալը, որ թշնամին ուղղակի հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է. «Մեզ բթացրել են, թմբիրի մեջ պահել, որ ապուշների հետ գործ ունենք, ոչ մի բան չի կարող լինել»,-ընդգծեց նա: