Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին գտնվում էր Երևանում, իսկ մայիսի 10-11-ը կայցելի Բաքու։ Երևանում նրան այնպես չդիմավորեցին, ինչպես կդիմավորեին «փրկիչներին»։ «Պերսոնա նոն-գրատա» ֆլեշ մոբը, հադրութցիների և Ազգային ժողովրդավարական բևեռի կոշտ բողոքի ակցիաներն ակնհայտորեն այն չէին, ինչ ակնկալում էր տեսնել Լավրովը իր նախապատմական հայրենիքում։ Սակայն Բաքվում էլ նրան լավ չեն ընդունում։ «Լքվածի» կարգավիճակը հենց Լավրովի գործունեության արդյունքն է։


44-օրյա պատերազմից 6 ամիս անց հայերը պարզ պատկերացնում են ռուսների դերը․ Մոսկվայի կացնային փիարը վաղուց չի աշխատում, և նույնիսկ «ռուսոֆիլներն» արդեն ասելու բան չունեն։ Արցախի փողոցներում գրեթե չկան ռուս խաղաղապահներ, և եթե հետպատերազմյա առաջին օրերին նրանց հանդեպ վերաբերմունքը բարյացակամ էր, ապա հիմա խաղաղապահները լուռ դժգոհություն են զգում և փորձում են շատ չերեւալ մարդկանց աչքերին։

Անցած 6 ամիսները Ռուսաստանն օգտագործել է ոչ միայն Արցախը Հայաստանից պոկելու, այլ նաև հայերի աչքին ինքզինքը վարկաբեկելու համար։ Սերգեյ Լավրովի Երևանում հնչեցրած վերջին հայտարարությունները վերջակետ դրեցին․ համացանցի հայկական հատվածում խոսում են միայն մեկ բանի մասին՝ Լավրովը բացառել է Արցախի կարգավիճակը։ Այժմ Ռուսաստանից սպասելիքներ չկան։

Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։

«Միայն խաղաղ բանակցությունների շնորհիվ կարել է հասնել համընդհանուր քաղաքական կարգավորման, հաշվի առնելով բոլորի իրավունքները, և նման կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը» , – ասել է Այցազյանը։ Նա նշել է, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի, քան նյուսները, շահագրգռված է, որ այն ամենը, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, գործնականում իրականացվի։ «Ես վստահ եմ, երբ համանախագահները կոչ են արել ամեն ինչ վերջնական կարգավորել, նկատի ունեին այն, ինչն անհրաժեշտ է այս բոլոր հարցերի լուծման համար», ասել է Լավրովը։

Փաստորեն, Լավրովը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարար, անտեսում է Մինսկի խմբի ապրիլի 13-ի և մայիսի 5-ի հայտարարությունները, որտեղ խոսվում է ոչ թե եռակողմ ձևաչափի, այլ ամենաբարձր մակարդակով երկխոսության և «հայտնի սկզբունքների մասին։

Ռուսաստանը շտապում է «համատեղ կյանք» հաստատել Արցախում ՝ կառուցելով ռուս ուղղափառ եկեղեցիներ և մզկիթներ Ակնայում ու Ստեփանակերտում, որպեսզի Հայաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան չկարողանան առաջ քաշել իրենց օրակարգը։ «Երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որն այժմ որոշ մեր գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան բերել։ Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը», սպառնալից ասել է ռուս նախարարը։

Ռուսաստանը մի կողմից ստորագրում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, իսկ մյուս կողմից նախատում է Հայաստանին՝ քաղաքական հարցերի լուծմանն անցնելու փորձի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսելու համար:

Երևանին այլ բան չի մնում, քան հայտարարել եռակողմ ձևաչափից դուրս գալու մասին և պահանջել վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում։ Դրա փոխարեն Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները եռակողմ հայտարարության մեջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և կողմերի միջև եռակողմ ձևաչափով կառուցողական երկխոսություն ապահովելու համար»։

Նյութի աղբյուր՝ Lragir.am