Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիևի սպառնալիքները, ասել է․ «Ինչ վերաբերում է եռակողմ համատեղ գործողություններին՝ փոխվարչապետերի մակարդակով, այդ մեխանիզմն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։ Եվ այդ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ հիմնված փոխշահավետ հիմքի վրա։ Եվ այն ոչ մի դեպքում չի ենթադրում այլ բան, քան դիվանագիտական համաձայնություններ և լուծումներ, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։ Ցանկացած հարց, որը կարող է հակառակ լինել երեք ղեկավարների ձեռք բերած համաձայնությանը, իհարկե, չի կարող ընդունվել որպես այլընտրանք այն ամենի, ինչի շուրջ համաձայնություն է եղել»։


Պարզ է, որ Ռուսաստանը ստիպում է Երեւանին «կամավոր» բացել «թյուրքական միջանցքը»։ Այդ նպատակով կիրառվում են բոլոր մեթոդները․ ռազմագերիներից մինչեւ Ալիևի սպառնալիքներ: Միաժամանակ նկատելի է, որ «միջանցքի» հարցը Մոսկվան օգտագործում է Հայաստանի դեմ՝ քաղաքական հնարավոր նախաձեռնությունները կանխելու համար։ Լավրովի հայտարարությունը դրա վկայությունն է։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բախվում է մեծ խնդիրների: Եթե նա «պաշտպանի Հայաստանը» Ալիևի սպառնալիքներից, ապա Երևանը դժվար թե համաձայնվի «կամավոր» բացել միջանցքը։ Իսկ եթե չպաշտպանի, ապա վերջնականապես կկորցնի Հայաստանը և տարածաշրջանը։ Մոսկվան առաջարկում է «միջին տարբերակ»՝ հանձնել իրեն միջանցքի վերահսկողությունը, ինչը նույնպես Հայաստանի ինքնիշխանության կորուստ է:


Չարաբաստիկ եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է հետևյալը․ «Տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային կապերի վերահսկողությունը իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»։

Երևանը պաշտոնապես հայտարարում է, որ ցանկացած հաղորդակցություն պետք է լինի բացառապես Հայաստանի իրավասության տակ։ Կոմերսանտ թերթը գրում է, որ Ադրբեջանը ռազմագերիներին ազատ արձակելու համար պահանջներ է ներկայացնում։ «Որպես կանոն, դրանք վերաբերվում են տարածքային հարցերին։ Այսպես ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը իր վերահսկողության տակ փոխանցելու հարցը։ Այժմ այդ ճանապարհը վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից։ Բաքուն նաև բարձրացրել է ռազմագերիներին վերադարձնելու դիմաց Ղարաբաղի Ղազախի շրջանի մի շարք գյուղերը իրեն փոխանցելու հարցը։ Այնուամենայնիվ, հարցերից և ոչ մեկը դեռ լուծում չի ստացել․ չնայած պարոն Լավրովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ կապված խնդիրները «հաջողությամբ իրականացվում են», գործը դեռ չի հասել հստակ նախագծերի», գրում է թերթը:

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չհամաձայնի միջանցքը «կամավոր» բացել: Արդյո՞ք դա կանեն ռուս զինվորականները, որոնց արդեն թույլատրվել է հենակետեր տեղադրել Հայաստանի Սյունիքի մարզում:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/08/640444/