Այն, ինչ այժմ կատարվում է Սյունիքի մարզում, լիովին փոխկապակցված է Լավրովի և Ալիևի՝ նախօրեին արած հայտարարությունների հետ, որոնք ունեն մի քանի ասպեկտներ:


Առաջինը. Լավրովը երաշխավորել է Բաքվին, որ հայկական կողմից «ռազմական ասպեկտը պետք է բացառվի», այլ կերպ ասած ՝ Երեւանը չի պատասխանի Բաքվի գործողություններին կրակով: Սյունիքում տեղի ունեցավ «առանց կրակոցների ներխուժման» փորձարկում, որը կկիրառվի, եթե Բաքուն փորձի ուժով բացել «թյուրքական միջանցքը»՝ առանց Հայաստանի համաձայնության, ինչպես ասել է Ալիեւը: Երեւանը չի կրակի, չեն կրակի նաև ռուս «խաղաղապահները»: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք շեշտեցիք, բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են», ասել էր Լավրովը Ալիևին:


Երկրորդ ասպեկտը․ ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, դժվար թե որեւէ մեկին ձեռնտու են նորմալ ընտրությունները, որից Հայաստանը կարող է դուրս գալ ուժեղացած։ Հետևաբար, այժմ կլինեն սադրանքներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանում անկայունության և անիշխանության պահպանմանը:


Եվ երրորդ ասպեկտը արցախյան կարգավորումը միջազգային ձեւաչափ վերադարձնելն է։ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, Մինսկի ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, տարբեր երկրների խորհրդարաններից հայ գերիներին վերադարձնելու կոչերից, Բաքվի կողմից UNESCO-ի՝ Արցախ ժամանելը թույլ չտալուց հետո Մոսկվայի համար ավելի դժվար է դառնում զսպել միջազգային հանրության ճնշումը։ Լավրովը խոստովանել է, որ «արդեն դժվար է դառնում դիրքորոշումները պահելը»:

Հայաստանը հնարավորություն է ստացել ղարաբաղյան կարգավորումը ռուս-թուրքական ձեւաչափից վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ և բարձրացնել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Ռուս-թուրքական շրջանակում մնալը հանգեցնելու է նոր կորուստների:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/13/641623/