Բաքվի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելու եւ Հայաստանի հետ սահմանների իրավիճակին։ Բաքուն հայտարարել է, որ սահմանային խնդիրների սկզբնապատճառը մինչեւ 2020-ի նոյեմբեր Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքի անօրինական օկուպացիան է, Ադրբեջանը վերականգնում է բացառապես իր միջազգայնորեն ճանաչված սահմանները»։ Ըստ Բաքվի ԱԳՆ-ի, իրենք «ամրապնդում են սահմանների պաշտպանության համակարգը այն քարտեզների հիման վրա, որոնք կան երկու կողմերի մոտ»։ Բաքուն հայտարարել է նաեւ, որ հարգում է տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները եւ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործարկումը թույլ կտա լուծել բոլոր խնդիրները։ Բաքուն Հայաստանին նույնպես կոչ է անում սահմանային խնդիրները լուծել երկկողմ շփումների միջոցով։


Հայաստանում որոշ տեղ ունի դեռեւս այն կարծիքը, թե Բաքվի զինված ներխուժումները սադրանք են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ, բերվում են հիմնավորումներ՝ կապված Թուրքիայի նպատակների, ՆԱՏՕ-ի ներկայության, Արեւմուտքի ծրագրերի հետ, որոնք հակասում են Ռուսաստանի շահերին։ Մոսկվայից հուսահատ համառությամբ ներարկվող այս կարծիքը հակասում է իրականությանը: Ո՞վ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային «ներս թողել» շրջան, ընդհուպ ռուսական Դաղստանի հետ սահմանագիծը, նրա հետ համատեղ «բարդ օպերացիա իրականացրել Ղարաբաղում» (ՌԴ ՊՆ Շոյգու), «համաձայնության եկել բոլոր հարցերում՝ սիներգիայի սկզբունքով» (Պուտին, Լավրով)։ Հնարավո՞ր է հղում անել ՌԴ որեւէ պաշտոնական շրջանակի, որով կժխտվի «հավատակիցների»՝ հայերի հանդեպ ակնբախ թշնամանքի իրողությունը։


Հայաստանի դեմ պատերազմի այս փուլում Մոսկվա-Բաքու համաձայնություններին անդրադարձել ենք «Մոսկվայից Հայաստանին՝ դեռ պետք է ապացուցեք, որ դա ձեր տարածքն է» ռեպլիկով։ Ավելացնենք միայն, որ Կրեմլի ու Լավրովի՝ Բաքվին հանձնարարված գործողությունների ասպարեզի մեջ էին մտնում նաեւ «սահմանների բարդ, բայց լուծելի հարցերը»։

1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի գծված «սահմանները» միջազգայնորեն լեգիտիմ չեն. Դրանք չկան ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Ավազե սահմանների վրա կանգնած են թե Թուրքիան, թե արհեստական կերտած «ադրբեջանը»։ Այսպիսի ծանր պայմաններում, սակայն, Բաքուն հստակ քաղաքականություն է վարում, որն անկասկած մշակված է Մոսկվայում։ Ինչպես մշակված էր Ցեղասպանության ժխտման սխեման Բայդենի հայտարարությանն ընդառաջ: Մոսկվա-Բաքու տանդեմի քաղաքականության ակնհայտ հաջողության հիմքում դրա բացակայությունն է երեւանյան դարձած վերնախավում: 1-2 քայլանոց «բջությունը» թաղի տղեքի հետ կանցնի՝ միջազգային ասպարեզում ռազմավարությունն է հաղթում:

աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/16/642223/