Իրանը չի ընդունում տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, հայտարարել է Իրանի Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին։ «Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ», հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին:


Իրանցի պաշտոնյան բարձրաձայնում է Հայաստանի տարածքի զավթման մտադրությունների մասին: Աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին 2020-ի աշնան պատերազմի ժամանակ, զորք կուտակելով հյուսիսային սահմաններին: Արցախում պատերազմը պատերազմ էր նաեւ Իրանի դեմ, Մոսկվան ու Անկարան Թեհրանին դուրս թողեցին «հետպատերազմյա կարգավորումից», թեեւ խոսում էին «Աստանայի ձեւաչափի մասին», եւ Թեհրանն էլ նման հույսեր էր պահում: Փոխարենը Մոսկվան «մեծահոգաբար» խոստացավ, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը չի անտեսի Իրանի շահերը, միաժամանակ առաջարկելով այլ «միջանցք» Իրանի տարածքով, որը մերժվեց:

Ռուս-թուրքական համաձայնությունները ենթադրում են Հայաստանի հարավի օտարումը, որով կտրվում է կապը Իրանի հետ, այդպիսով կանխելով նաեւ Հյուսիս-Հարավ հաղորդակցական նախագծի իրականացումը եւ Իրանի այլընտրանքի հնարավորությունները:


Պատերազմի ժամանակ Թեհրանն իր երկիմաստ պահվածքի, նաեւ Երեւանի նախաձեռնությունների բացակայության պատճառով հայտնվել է բարդ իրավիճակում: Արդյոք ներկայում հետեւողական կլինեն «աշխարհքաղաքական սահմանների» հարցում: Միեւնույն ժամանակ, Իրանի պաշտոնյայի հայտարարությունն էական է նաեւ այն առումով, որ Թեհրանը համերաշխ է ՄԱԿ ԱԽ անդամներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, այսինքն՝ միանում է Հայաստանի հարցով կոնսենսուսին:

Այսպիսով, տարածաշրջանի խոշոր դերակատարներից մնում է Ռուսաստանը, որը չի պահանջում թուրքերի զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից եւ չի խոսում Հայաստանի ամբողջականության մասին: Ավելին, Մոսկվան առաջնորդում է Բաքվի ռազմական նախաձեռնությունները Հայաստանի դեմ, խրահուսելով սահմանների ու միջանցքի վերաբերյալ նրա պահանջները: Այս ֆոնին, հետաքրքիր է, որ մինչ այս պահը ոչ մի հայտարարություն չի արել Թուրքիան:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/18/642636/