Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում, ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երեւանի հետ։ Այս մասին մայիսի 21-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան եւ Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- նշել է նա։ Զախարովան հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների ընդունած հայտարարությունում նշված է. «Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերի թվին, որոնք Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջում են լրացուցիչ ջանքերի գործադրում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2020թ. պատերազմի հետեւանքով զավթած Արցախի տարածքներում «նորոգման աշխատանքների իրականացման» պատրվակով խեղաթյուրում է հայկական պատմամշակութային հուշարձանները։