Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում ցույց տվեց, որ նա գործում է Պուտին-Ալիեւ պարտադրանքի տակ: Դա են վկայում թե նրա անհեթեթ ու հակասական «հիմնավորումները», թե գրեթե բացահայտ խոստովանությունները: «Մեծագույն խնդիրը մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն» է հայտարարությունը, որով վերնագրվել է պաշտոնական կայքում նրա ելույթը, այս ամենի խտացումն է: Եվ հարցը միայն այն չէ, թե ինքնիշխանությունից ու հաղորդակցություններից զրկված Հայաստանը, ինչը ենթադրում են եռակողմ հայտարարությունները, ինչպես է զարգանալու: Հարցն այն է, որ Փաշինյանի այդ ելույթը ցույց տվեց, որ նա ստորագրելու է այն ամենը, ինչ դեմ տան իրեն:


Անձնակա՞ն, թե այլ բնույթի շանտաժի է ենթարկվում Փաշինյանը, կամավո՞ր է գնում դրան, թե ոչ՝ էական չէ վերջնարդյունքի տեսակետից: Վերջնարդյունքը Լավրովի պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանի դեմ՝ երկրի տարածքը «միջանցքներով» մասնատելը եւ ինքնիշխանությունից զրկելը: Նոր եռակողմ հայտարարությունն այդ պլանի վճռական օղակն է, որով պետք է «լեգիտիմացվեն» ռուս-թուրքական համաձայնությունները, այդ թվում՝ Արցախի խնդիրը փակելու վերաբերյալ:


Մոսկվայի ու Բաքվի շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային հիմնական դերակատարները՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Իրանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան չեն ընդունում ռուս-թուրքական համաձայնությունները եւ դնում են Հայաստանի ինքնիշխանության, ամբողջականության եւ Արցախի խնդրի քաղաքական կարգավորման, այդ թվում կարգավիճակի լուծման հարցերը: Մոսկվան այս պայմաններում մեծացնում է Հայաստանի դեմ ճնշումը: Արժե նշել, որ նոր եռակողմ հայտարարության նախագիծը հրապարակվեց Լավրովի Բաքու այցից եւ Բաքվին սահմանների հարցի լուծման երաշխիքներից հետո:


Հայաստանի քաղաքական ուժերը բավական համարժեք են գնահատել իրավիճակը եւ հայտարարել են, որ չեն ընդունելու այդ փաստաթուղթը: Խոսքն առաջին հերթին ռուսական դաշտում գործող ուժերի մասին է, որոնք բավական երկիմաստ վիճակում են հայտնվել: Իրավիճակն արդեն այնքան է պարզվել, որ այլեւս հնարավոր չէ եռակողմ հայտարարություններն անվանել դավաճանական եւ միեւնույն ժամանակ ընդունել դրանք, ինչպես եղավ նոյեմբերի 9-ից հետո, եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին: Ի վերջո, այդ թղթերն առաջարկում է Ռուսաստանը եւ ստորագրում դրանք, եւ եթե դրանք չբխեին իր ծրագրերից՝ երբեւէ չէր առաջարկի: Սա իհարկե մակերեսին գտնվող հանգամանքն է, իսկ բուն խնդիրը շատ ավելի խորն է, խաղասեղանին էլ շատ ավելին, քան կարելի է արդեն չտեսնելու տալ: Ընդ որում, խաղասեղանին է նաեւ քաղաքական դասի ուղիղ պատասխանատվության խնդիրը:

Փաստաթուղթը մերժելու մասին հայտարարություններն արդեն քայլ են, սակայն կիսատ. երեկ հնչող այն արդարացի պնդումները, որ պարտադրանքի տակ ստորագրվող փաստաթղթերը լեգիտիմ չեն եւ հակասահմանադրական են, չպետք է մնան հայտարարությունների մակարդակում եւ չպետք է դիտարկվեն առանձին: Եռակողմ հայտարարությունները մեկ պլանի բաղկացուցիչ են եւ կապված են միմյանց. այսինքն՝ մերժումը պետք է լինի ամբողջական փաթեթով: Քաղաքական ուժերը այդ հարցում պետք է ունենան միասնական դիրքորոշում եւ դա ամրագրեն ստորագրված հայտարարության տեսքով:

Դիմադրությունը պետք է լինի համակարգված ու հստակ հարցադրումներով ու պահանջներով: Հանրությունը պատրաստ է դրան, միջազգային բարենպաստ ֆոնը աչքի առաջ է: Այն չի կարող անվերջ շարունակվել, եթե չլինի ընդառաջ նախաձեռնություն Հայաստանից: Չկա որեւէ պատճառ եւ արդարացում, սա պետք է հստակ հասկանան բոլորը: 200-ամյա առասպելներն ավարտված են:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/21/643330/