«Հրապարակ» թերթը գրում է.

«Հարցազրույց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ

- Պարոն Ղազարյան, երեկ իշխող մեծամասնությունը մերժեց խորհրդարանական ընդդիմության առաջարկը և չընդունեց հայտարարություն առ այն, որ միջազգային համաձայնագրերը, որոնք վերաբերում են նաև սահմանազատման և սահմանագծման հարցերին, ընդունվեն ոչ թե միանձնյա, այլ խորհրդարանի կողմից։ Մասնավորապես, ԼՀԿ հայտարարությամբ նշվում էր, որ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով․ կա՞ն արդյոք, այսպես կոչված, կոնտրքայլեր՝ նույն ընդդիմության կողմից, որոնք կարող են կանխել նոր ստորագրվելիք փաստաթղթի կիրառումը։

- Նախ՝ ինչ որ տեղի է ունենում, բոլոր առումներով է բացարձակ ապօրինություն, ապօրինություն են նաև նրա՝ մինչ օրս ստորագրած բոլոր փաստաթղթերը, առավել ևս՝ հիմիկվա կարգավիճակում։

- Նկատի ունեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճա՞կը։

- Բայց ինքը ԺՊ էլ չէ, ինքը իշխանությունն ապօրինաբար զավթած մարդ է, ՀՀ քաղաքացիների մեջ միակը, որին խորհրդարանը չի ընտրել վարչապետի պաշտոնում։ Նա վարչապետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի, իր դեպքում ԱԺ-ն կոնկրետ որոշում է կայացրել, դա եղել է ի վնաս իրեն։ Երկրորդը․ մինչև հիմա իր ստորագրած բոլոր եռակողմ փաստաթղթերը կոչվում են հայտարարություն։ Իսկ հայտարարությունը նշանակում է, որ մարդ ինչ խոսում է, կարող է նաև գրել, բայց դրանք որևէ իրավական կարգավիճակ չունեն, չեն հանդիսանում ո՛չ միջպետական համաձայնագիր, ո՛չ պայմանագիր, դրանք չեն անցել վավերացման գործընթացի որևէ փուլով, այսինքն՝ ո՛չ կառավարության որոշումով է հավանության արժանացել, ո՛չ ՍԴ է ուղարկվել, ո՛չ ԱԺ-ն է վավերացրել։ Այսինքն՝ այդ հայտարարությունները պարտավորություն են առաջացնում միայն դա ստորագրող անձի, պաշտոնյայի համար, այդ փաստաթղթերը պետության առջև որևէ պարտավորություն չեն առաջացնում։

- Բայց տեսանք, չէ՞, թե դրանք ինչպես կյանքի կոչվեցին, և շարունակվում են նոր հայտարարություններ ընդունվել։

- Կյանքի կոչվեցին, որովհետև ինքը մնաց իշխանության։ Եթե ստորագրելուց հետո ինքը գնար, ապա այդ հայտարարությունը կյանքի չէր կոչվի։ Ցանկացած պահի դա հնարավոր էր կասեցնել և նոր պայմանավորվածության գալ։ Դրանք միջազգային փաստաթղթեր չեն։ Ինչ վերաբերում է սահմանների փոփոխությանը, այո, դրանք հանրաքվեով պետք է ընդունել, և այսօր այն գործընթացը, որ ինքը տանում է, դրանք էլ պետք է լինեն միջազգային համաձայնագրերով, որոնց ինքը դեմ է, և նախօրեին տեսանք խորհրդարանում։ Երբ իշխանությունից վռնդվի, նա գոնե երրորդ փաստաթուղթը չի ստորագրի, կամ նորը կգա, կարտահայտի նոր դիրքորոշում։


- Որ ասում եք՝ իրավական հիմք չունեն, այսինքն՝ եթե նոր իշխանությունը գա և չեղյալ հայտարարի այդ հայտարարությունները, մեր կորցրածը կարո՞ղ ենք հետ ստանալ։

- Պետք է խելամիտ գտնվել, ես չեմ կարող երազանքների գիրկն ընկնել ու ասել, որ Քարվաճառը կվերադարձնենք, որովհետև նոյեմբերի 9-ին ինքն իրավունք չուներ ստորագրեր։ Բայց այն պարտավորությունները, որոնք չեն կատարվել, օրինակ՝ Ադրբեջանը Նախիջևանին միացնող տրանսպորտային ենթակառուցվածքները, դրանք կարող են վերանայվել։ Կամ այն, ինչը ստորագրվել է Ադրբեջանի կողմից, բայց չեն կատարվում, ինքը որևէ ազդեցություն չունի դրանց կատարման վրա, կարող են նոր իշխանության պարագայում կատարվել։ Օրինակ, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ 8-րդ կետը։ Ադրբեջանն ասում է՝ ռազմագերիներին ես տվել եմ, նրանք, որոնք իմ մոտ են, ռազմագերի չեն, ու չեմ տալու։ Սրա մասին որևէ խոսակցություն չկա հիմա, մի հատ դատարկ ինքնաթիռ տեսան, երկու-երեք օր խոսեցին էդ մասին ու մոռացան։ Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված չէ «ռազմագերի», այլ նշվում է՝ «այլ պահվող անձանց», այսինքն՝ բոլորին։

- Հիմա սեղանին երրորդ փաստաթուղթն է դրված՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, բոլորիս էր պարզ է, որ տարածքներ են հանձնվել, սահմաններ են փոխվել, ու մի օր նոր սահմաններ պետք է գծվեին, բայց դա մեկ-երկու օրվա, անգամ ամիսների հարց չէ․ ինչո՞վ է բացատրվում նման շտապողականությունը, ինչո՞ւ է այդ փաստաթուղթը հիմա օրակարգ բարձրացել, գուցե կա կասկած, որ իշխող վարչակարգը չի՞ վերարտադրվի ընտրություններին, և Ալիևն ուզում է նախապես իր հարցերը լուծել։ Մյուս կողմից՝ եթե ասում եք, որ միանձնյա ընդունվող այդ հայտարարություններն իրավական հիմք չունեն, ապա այսօր եթե անգամ ստորագրեն, վաղը կգա նոր իշխանություն և կչեղարկի։

- Շտապողականությունն Ալիևի կողմից է։ Նախ, որ ինքը վերարտադրվելու է ընտրություններով, կարող եք չկասկածել, ինքը դրա կասկածը չունի, գուցե Ալիևը մի քիչ ունի և լինելով պրագմատիկ գործիչ՝ արագացնում է գործընթացները։ Նա հասկանում է, թե ինչպիսի հետընտրական շրջան է սպասվում Հայաստանում, այստեղ շիլաշփոթ է լինելու, սա հնարավոր չի լինելու նորմալ ընտրություն համարել, ընդունել արդյունքները, իրար շնորհավորել, ու պարզ է, թե ինչ է լինելու։ Որպեսզի այդ խառնակ ժամանակներում ինքը պրոբլեմ չունենա, իր հարցերը հիմա է ուզում լուծել։ Ամբողջ խնդիրն այն է, որ, այո, պետությունների սահմանների որոշումը մի օրում չի արվում և այն էլ՝ Սովետական Միության քարտեզներով։ Ինչու նման պետություն կա՞ այսօր, Ադրբեջանի, Հայաստանի սոցիալիստական հանրապետություններ կա՞ն։ Իսկ ո՞վ ասաց, որ դրանք պետք է հիմք լինեն և ոչ թե Տիգրան Մեծի ժամանակների քարտեզները։ Այդ հարցերը պարզելու համար միայն պետք է բազում հանձնաժողովներ ստեղծել, տարիներով աշխատանքներ տանել։ Վերջերս ռուսաստանյան ԱԳՆ կայքում կարդացի, որ տեղի է ունեցել ռուս-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ շարունակվում են քննարկվել ՌԴ-ի և Ղազախստանի սահմանների ճշգրտումները։ Մինչ օրս մենք Վրաստանի հետ սահմանների ճշգրտման խնդիր ունենք։

- Այս շտապողականությունը չի՞ խոսում այն մասին, որ խոսքը ոչ թե սահմանագծման, այլ որոշ տարածքներ հանձնելու մասին է։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում թերևս անուղղակի հաստատեց նոր զիջումների հնարավորությունը՝ ասելով, որ «դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»։


- Դա չէ ամբողջը։ Ի՞նչ է նշանակում սահմանների փաստագրում, դա նշանակում է, որ հանձնաժողով պիտի ստեղծվի, որն ասելու է՝ այս կետից այս կողմ Հայաստանն է, սրանից այն կողմ՝ Ադրբեջանը։ Եթե այդ փաստաթղթում որևէ կետ չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, իսկ դա ակնհայտ է, որ ոչ մի տեղ չկա, ինքն էլ խորհրդարանում չխոսեց այդ մասին, սա նշանակում է, որ այն, ինչը Հայաստան չէ, Ադրբեջան է, Ղարաբաղն էլ հետը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ գրված է, որ խաղաղապահները մնում են հինգ տարի, դրանից հետո ոչ թե երկու կողմերի համաձայնությամբ, այլ կողմերից մեկի առաջարկությամբ, երբ ասվում է, որ պետք չէ խաղաղապահ, նրանք պետք է դուրս գան։ Ալիևը, որը կողմերից մեկն է, այսօր արդեն հայտարարել է, որ հինգ տարի հետո այնտեղ խաղաղապահ չի լինելու, Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չի քննարկվելու, Ղարաբաղի շրջանները դառնալու են Ադրբեջանի վարչական շրջաններ, ազգությամբ հայերն ուզում են մնալ, թող մնան ապրեն այնտեղ։ Հենց այսօր էլ Ադրբեջանում 3 հազար հայ է ապրում, ովքեր չեն ուզում լքել իրենց տները։ Ճիշտ հասկացեք, ես քաղաքական հայտարարություններ չեմ անում, այլ զուտ փաստերն եմ իրար կողք դնում։ Կամ՝ որ ասում են «Մեղրիի միջանցք», երանի մենակ Մեղրիի միջանցք լիներ, որովհետև կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ՝ 9-րդ կետում, գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները (ոչ թե մի շրջան), Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքներ, կրկին՝ ոչ թե մի ենթակառուցվածք, այլ՝ մի քանի։ Հիմա ինքն ասելու է՝ Քելբաջարն էլ է Ադրբեջանի արևմտյան շրջան, Քելբաջարի բնակիչը որ գնա Նախիջևան, հո չի՞ գնալու Կուբաթլուով, Մեղրիով գնա, իրեն պետք է կարճ ճանապարհ՝ Վայոց Ձորով՝ Ջերմուկ-Վայք-Խնձորուտ-Նախիջևան, ու դու պիտի ապահովես դա։ Դրա հետ միասին տալիս է Քյարքին՝ Տիգրանաշենը, որի միջով անցնում է միջպետական ճանապարհը, որով Երևանով գնում ես դեպի Վայոց Ձոր, Սյունիք։ Բնական է, որ այդ ճանապարհով էլ էլ զենք, զինվոր չի կարող անցնել, իսկ ես ու դու էլ որ գնանք Ջերմուկում հանգստանալու, պիտի ունենանք ադրբեջանական վիզա կամ ռուսական սահմանապահներ, որ մեզ թույլատրեն անցնենք, ինչպես Շուռնուխում։ Դա կլինի ադրբեջանական տարածք, և մեզ կհորդորեն արագ անցնել, գերի չընկնել։ Ահա և վերջ, կարճ ժամանակ հետո Սյունիքն ու Վայոց Ձորն էլ կդառնան ադրբեջանական, ինչն այսօր հայտարարում է Ալիևը։ Նա չի խաբում, ասում է՝ Սյունիքը մեր պատմական հողն է, և պետք է վերադարձնենք, ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է, պիտի մտածենք ապագայի մասին։

Սա է ռեալ իրականությունը և այն ապագան, որ սպասվում է մեզ։ Իրենք մի կետ Սյունիքից, մեկը Գորիսից, մյուսը Վայոց Ձորից ճանապարհ կունենան Նախիջևան մտնելու, սա գրված է փաստացի, սա հոռետեսություն չէ, անգամ 9-րդ կետում նշվում է, որ Հայաստանը պետք է օգնի ենթակառուցվածքների կառուցմանը։ Այսինքն՝ մենք մեր բյուջեից պիտի փող ծախսենք, որպեսզի Ջերմուկից Խնձորուտ ճանապարհը լավ լինի, որ իրենք հանգիստ գնան-գան։ Մենք էլ հանգիստ նստել ենք, սրճարաններում մարդիկ սուրճ են վայելում, զբոսնում, մնացել ենք առանց երկիր, որը մի շիզոֆրենիկ զավթել է և իր համար միայնակ որոշումներ է կայացնում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։