Ռեգիոնում դեր ունեցողներից միայն Ռուսաստանն է, որ չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին եւ չի դատապարտել Բաքվի զինված ներխուժումը Հայաստանի տարածք: Ռուսաստանը չի հայտարարել նաեւ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին, ինչպես մյուս խոշոր խաղացողները: Ավելին, գերիների, զինված ներխուժումների հարցում Մոսկվան արդեն չի թաքցնում իր առաջնորդությունը, դա համարելով եռակողմ հայտարարության անվերապահ կատարման պայման:


Նոյեմբերի 9-ի հավելվածի Կրեմլի «սլիվը» ցույց է տալիս, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի, հաղորդակցությունների բացման քողի տակ իրականացվում է Լավրովի ընդլայնված ծրագիրը Հայաստանի մասնատման, ինքնիշխանությունից զրկելու եւ տարածքային լիակատար մեկուսացման նպատակով: Այդ պլանի «անվերապահ կատարումը» չի ենթադրում որեւէ ռացիոնալ քայլ:


Կրեմլի «սլիվին» զուգահեռ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջությունը, եթե Հայաստանն էլ իր հերթին ճանաչի եւ հրաժարվի Ղարաբաղից: Նա նաեւ հույս է հայտնել, որ իր երկիրը հավասարապես կարեւոր կմնա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար: Սա արդեն նորություն է Նիկոլ-Ռոբերտի հավերժ ռռւսական Հայաստանի ֆոնին:

Բաքուն գործում է Կրեմլի հովանավորությամբ, հենվելով ռուս-թուրքական պայմանավորվածությունների վրա, առայժմ իր վրա վերցնելով միջազգային թուքումուրը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար հավասարապես կարեւորության մասին Ալիեւի ակնարկը կարող է նշանակել, որ Բաքուն պատրաստ է հարմար պահի հրաժեշտ տալ Պուտինին:

Նման հնարավորությունը չի բացառվում հետպատերազմյա «կարգավորումները» չընդունելու հարցում Արեւմուտքի համառության ու հնարավոր հետեւանքների դեպքում: Բացի այդ, Բաքուն ունի Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունների փորձը՝ գնացող-եկող ճոճանակի տեսքով:

Մոսկվան արդեն խոստովանել է հայերին բացեիբաց թշնամանալու վերաբերյալ հնարավոր ու անհնար ամեն ինչ, որն իր պատճառներն ունի: Հայկական քաղաքական դասի ռուսանպաստ հատվածում դեռ Ռուսաստանի անունը չեն տալիս, ինչպես մինչեւ վերջերս չէին տալիս նաեւ նրա նոքար Ալիեւի անունը: «Միակ մեղավորի» վրա կառուցված ռուսական քարոզչությունը, սակայն, երկսայր սուր է, որը կարող է շրջվել ամենաանսպասելի հանգամանքներում: Ի վերջո, քաղաքական դաշտի ռուսանպաստ հատվածում նույնպես հայեր են, որոնք անվերջ չեն կարող երերալ այդ սրի վրա՝ սեփական սրբանը ավելի թանկ է:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/24/643832/