«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ իսկական ցնծություն էր. նա, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.6 տոկոսով: Ավելին՝ նախարարը հպարտացել էր՝ նշելով, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում:

Թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում նախարարը, հայտնի չէ: Բայց նախարարը հավանաբար մոռացել էր նշել կամ էլ չէր տեսել, որ նույն Վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով. «Էլեկտրաէներգիայի սպառման անկումը ենթադրում է, որ նման տնտեսական աճ, ինչպես ասում է պարոն Քերոբյանը, մենք չունենք, որովհետեւ եթե կա արտադրության, արդյունաբերության աճ, զարգացում կամ որեւիցե նոր աշխատատեղերի բացում, դրանք օգտագործում են էլեկտրաէներգիա, դրան պետք է զուգահեռ տեղի ունենա էլեկտրաէներգիայի սպառման ավելացում, իսկ մենք ունենք անկում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այօրվա համարում