Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիքը ոմանք սիրում են իրենց աշխատասենյակի մեծությամբ, ոմանք՝ խրամատի լայնությամբ։

Ոմանք սիրում են իրենց բազկաթոռը, ոմանք՝ աթոռի տակի հողը։ Հայրենիքը ոմանք սիրում են խոսքով, ճոռոմ-ճոռոմ խոսելով, ոմանք՝ կյանքով, պատվով, առողջությունով։ Ոմանք սիրում են աշխատավարձի չափով, որից մի լումա չի ծախսվում հանուն Հայրենիքի, ոմանք էլ աշխատավարձն են զոհում հանուն Հայրենիքի և Հայրենիքի նկատմամբ սերը անգնահատելի համարում…

Ոմանք ամենաշքեղ ամենագնացներով են Հայրենիքը սիրում, ոմանք՝ բատինկայով, չոր ու ցեխոտ բատինկայով, քանի որ այդ բատինկան է մեր Հայրենիքը լայնացնելու։ Ոմանք Հայրենիքը սիրում են այն քարտեզով, որը դրված կամ կախված է իրենց շքեղ աշխատասենյակում, իսկ ոմանք այդ քարտեզն են գծում՝ այդ կերպ իրենց սերը արտահայտելով առ Հայրենիք։

Վերջապես, ոմանք հայելու առաջ կանգնած շտապ սովորում են փողկապ կապել և Հայրենիքը սիրում են փողկապի շքեղության աստիճանով, իսկ ոմանք արագ կրակել են սովորում և իրենց սերը արտահայտում Հայրենի սահմանն անառիկ պահելու վճռականությամբ։ Երկու ոմանք, որոնք նույն երկրում են ապրում, նույն օդն են շնչում, բայց նույն կերպ չեն սիրում Հայրենիքը, մեկն իրականում սիրում է պաշտոնը, փողը, բարեկեցությունը և անունը դնում Հայրենիք սիրել, մյուսը սիրում է հողը, ջուրը և հանուն դրա տալիս իր կյանքն ու առողջությունը, բայց երբեք մեր աչքը չի մտցնում թե որքան շատ է սիրում Հայրեինքը։

Փառք ու պատիվ Հայոց բանակի սպային և զինվորին, փառք ու պատիվ էտ տղերքին, որ այսքան ուժեղ են նաև հոգեպես․․․ Ձեր ցավը տանեմ — տամ թուրքի գլխին, տղերք ջան…»: