Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ։ Ծինպինը նշել է, որ կողմերը պետք է համագործակցեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» համատեղ կառուցման գործում, նշված է չինական կողմի հաղորդագրությունում։ Բաքվի ու Չինաստանի ղեկավարները նաեւ աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը, նշված է Բաքվի հաղորդագրությունում։

Արցախում հրադադարի հաստատումից հետո, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Թուրքիայից Չինաստան մեկնեց առաջին գնացքը։ Շարժակազմն ընթացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով եւ Անդրկասպիական Արեւելք-Արեւմուտք միջանցքով, հատել երկու մայրցամաք, երկու ծով ու հինգ երկիր՝ բեռը Չինաստան հասցնելով 12 օրում։

Դրանից հետո գնացքներ չեն մեկնել այդ ճանապարհով։ «Հաղորդակցությունների ապաարգելափակումը», որը պետք է տեղի ունենար Բաքվի, Անկարայի ու Մոսկվայի ծրագրերով, խցանվել է հայ-իրանական սահմանին։ Մոսկվան հիմա տենդագին ավելացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որ վեհասկողության տակ վերցնի գործող ու նոր հաղորդուղիները եւ կտրի Իրանը Հայաստանից։

Հաղորդակցություններ արդեն իրականացվում են Հայաստանի Սյունիքի մարզով՝ Հայաստանով Վրաստանից տրանզիտ դեպի Իրան: Այս ճանապարհը կարող է վերաճել Հյուսիս-Հարավ միջանցքի՝ Սև ծովից Պարսից ծոց և Հնդկաստան: Պաշտոնական Դելին՝ Պեկինի մեծ մրցակիցը, արդեն հայտարարել է այս ճանապարհի նկատմամբ իր հետաքրքրության մասին:

Չինաստանը Հայաստանում կառուցել է իր ամենամեծ դեսպանատունը Եվրասիայում: Արցախում պատերազմի ժամանակ Չինաստանը լուռ էր: ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախում ռազմական գործողությունների դադարեցման բանաձեւի վետոյի կասկածները տանում են Ռուսաստան ու Չինաստան։ Պատերազմից հետո Թուրքիայի և Չինաստանի միջև համաձայնություններ ձեռք բերվեցին, որոնք ենթադրում էին հաղորդակցական, առետրային ու այլ արտոնություններ Չինաստանի համար: Իր հերթին, Թուրքիան բավականին զուսպ դիրքորոշում է որդեգրել Չինաստանի Սինցզյան նահանգում թյուրքախոս ույղուրների հետապնդումների վերաբերյալ:

Այս զարգացումների համատեքստում պարզ չէ, թե ինչու է Պեկինին այսքան մեծ դեսպանատուն անհրաժեշտ Երեւանում։ Ծինպինը զանգում է Ալիեւին եւ հիշեցնում ծառայության մասին, հավանաբար, փոխհատուցում պահանջելով։ Ի՞նչ է Պեկինն ակնկալում ստանալ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/03/646375/