ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը:

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:

Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած լարվածություն տարածվում է նաև կողմնակիցների միջև և մեծացնում է լարվածությունը, անգամ ագրեսիվացնում է մթնոլորտը: Պաշտոն զբաղեցնող և պետական կարգավիճակ ունեցող բոլոր անձինք` անկախ պաշտոնեական դիրքի աստիճանից, պարտավոր են հաշվի առնել, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն դադարում պաշտոնյա լինելուց և պետական կարգավիճակ ունենալուց: Սա նշանակում է, որ նրանք սահմանափակված են իրենց իրավասության սահմաններով և պետք է թույլ չտան խախտում` անցնելով այդ իրավասության սահմանները:

Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը:

Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:

Այս նպատակների համար ընտրական գործընթացը պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

Դիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում ակտիվ են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են առանց այդ էլ առկա լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքն իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը, իսկ աշխատակազմում գործում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»: