«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ներկայացրել էր, թե անվտանգության հարցերի կարգավորումն ինչպես են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին:

Այսպիսով, ՔՊ ծրագրում հատուկ ընդգծված է այս հատվածը. «Հայաստանը կարեւորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար:

 Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի եւ համապատասխան միջավայրի ձեւավորման միջոցով»։ Նախընտրական ծրագրում լայն անդրադարձ է կատարված տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսլականին, սակայն միայն ցանկությունների մակարդակով է նշված, թե բարելավելու են, բայց թե ինչպես, ոչ մի քայլ նշված չէ:

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի բովանդակության. «Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային եւ անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում եւ եղանակներով Հայաստանի եւ հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է»: Ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հնարավորություններին եւ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններին:

Իսկ, ահա, «Հայաստան» դաշինքում կարդում ենք. «Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ Ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաեւ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը»:

Ավելի մանրամաան՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։