Հայաստանում 10 օր անց տեղի կունենա արտահերթ ընտրության քվեարկությունը, եւ շատերն այն համոզման են, որ ոչ մեկին չի հաջողվի հավաքել 51 տոկոս ձայն կառավարություն կազմելու համար: Տարբերակներն իհարկե չեն բացառվում. քաղաքական դաշտի մեծամասնությունը հակվում է կամ կոալիցիաների, կամ ընտրության երկրորդ փուլին:

Այս ֆոնին, ավելի հաճախ են դարձել խոսակցությունները, որ արտահերթ ընտրությունները կարող են խորացնել անիշխանությունն ու քաոսը երկրում, այդ թվում չբացառելով հետընտրական բախումները:

Արտահերթ ընտրությունը կապված է Հայաստանի հանդեպ կիրառվող Մոսկվայի ծրագրերի հետ եւ ըստ էության բխում է դրանցից: Ընտրությունից առաջ բացահայտվեց եռակողմ նոր փաստաթուղթը սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն անկայունության նոր ալիք առաջացրեց Հայաստանում: Այն գնահատվեց որպես պատերազմի արդյունքների ճանաչման ու Արցախի խնդրի «փակման» փաստաթուղթ: Կրեմլի «սլիվից հետո» Ալիեւը հայտարարեց, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 30-ին, ի դեպ՝ սպառնալով Հայաստանում հետընտրական բախումներով: Մոսկվա-Բաքու տանդեմում Ալիեւը վաղուց ստանձնել է Կրեմլի «հատկապես կեղտոտ գործերով խոսնակի» դերը: Այս ֆոնին, ավելորդ չէ հարցը, թե ով է Ալիեւին խոստացել, որ հունիսի 30-ին ստորագրվելու է այդ փաստաթուղթը:

Այս հարցում Հայաստանում քչից-շատից կոնսենսուս կա՝ քաղաքական ուժերը դեմ են արտահայտվում այդ փաստաթղթի ստորագրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների հարցը ցանկանում են օգտագործել Հայաստանին անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ադրբեջանական կողմը ճնշում կգործադրի, սակայն չի հասցնի ստանալ մինչեւ հունիսի 20-ը, չի ստանա նաեւ հունիսի 20-ից հետո:

Ընտրության մասնակից մի շարք ուժեր չեն բացառում դրսից հետընտրական բախումների հրահրումը: Նրանք կոչ են անում չանցնել ինքնապահպանման պետական բնազդի սահմանները:

Մոսկվայի ու Անկարայի ագրեսիվությունը եւ շտապողականությունը պայմանավորված է միջազգային հանրության կողմից ռուս-թուրքական համաձայնությունները չընդունելու հանգամանքով: Հայաստանը կարո՞ղ է ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը կդիմադրի ռուս-թուրքական տանդեմի պարտադրանքներին:

Նյութի աղյուր՝ https://www.lragir.am/2021/06/12/648031/