Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է սահմանազատման մասին բանակցություններ վարի Ադրբեջանի հետ, ասել է Բաքվի վարչակարգի պարագլուխ Ալիեւը։ Նա ասել է, որ Հայաստանը մերժում է խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկը։

«Ցավոք, համաձայնության պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի պատասխանում։ Հայաստանի կառավարությունը նաեւ անտեսում է մեր առաջարկը, որին սատարում են խոշոր միջազգային խաղացողները, սահմանազատման մասին բանակցություններ սկսելու մասին։ Մեզ համար դա անհասկանալի է», ասել է Ալիեւը նույն օրը, երբ ԱՄՆ Պետքարտուղարութան եւ Վրաստանի միջնորդությամբ Հայաստան են վերադարձվել 15 գերիներ։ Բաքվում նման քայլերը իշխանության թուլություն են համարում, առավել եւս, որ շատերը իշխանությանը մեղադրում են, որ «ղարաբաղյան հակամարտությունն» այդպես էլ չլուծվեց, եւ Ադրբեջանի պրոբլեմներն ավելի սրվեցին։

«Քելբաջար եւ Շուշի ադրբերջանցիների համար ճանապարհ չկա, Լաչինի միջանցքով հայերը նախկինի պես զենք են տանում, Ստեփանակերտում ռուսական զորքեր են, իսկ հայկական բանակը Ղարաբաղում դեռ 20 հազարից ավել է, Շուշի գնալու համար պետք է «գերիներով վճարենք», իսկ Կուբաթլուի եւ Զանգիլանի նախկին բնակիչներին թույլ չեն տալիս գնալ Ղարաբաղ»՝ ահա Բաքվի ԶԼՄ-երի եւ սոցցանցերի հիմնական թեմաները։

Ադրբեջանում ավանդույթ կա՝ չներել իշխանությունների թուլությունները, եւ Ալիեւը շղարշ է ստեղծում՝ թուլությունը թաքցնելու համար։ Ականապատ տարածքների քարտեզներ՝ հիմա դա է Ալիեւի նահանջների արդարացումը, որոնցից նրան չի կարողանում պաշտպանել նույնիսկ գեներալ Մուրադովը։

«Ականապատ տարածքներով» է Ալիեւը բացատրում այդ տարածքների նախկին բնակիչների վերադարձի արգելքը։ Միեւնույն ժամանակ, արգելքը կարող է կապված լինել այդ տարածքներում քաղաքացիական կյանքի հետ կապ չունեցող ինչ-որ բան ստեղծելու մտադրության հետ։ Թուրքիան հենց այնպես չէ օգնել Բաքվին՝ այստեղ քննարկում են Զանգիլանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտադրությունը։

«Հենց Ադրբեջանը համաձայնվի թուրքական բազայի տեղադրմանը, ռուսական խաղաղապահները Ղարաբաղում իսկույն ռազմաբազայի կարգավիճակ կստանան։ Անկեղծ ասած, ռուսները մեր իշխանությունների առջեւ պայման են դրել։ Կամ Ադրբեջանի տարածքում կլինեն եւ ռուսական, եւ թուրքական բազաներ, կամ ընդանրապես չեն լինի», ասում է Բաքվի փորձագետներից մեկը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 16-ին Ալիեւի հետ կայցելի Շուշի։ Արդյոք 15 գերիների վերադարձը Էրդողանի Շուշի գնալու «փրկագինն է»։ Եւ ի՞նչ «մեծ պայմանագիր» է Էրդողանը պատրաստվում ստորագրել Ալիեւի հետ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/13/648239/