ԱԺ ընտրության հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկել Մոսկվա, որը պետք է ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանի տարածքում նոր ռուսական ստորաբաժանումների տեղադրման պայմանները։ Ռուսական զորքերը տեղակայվելու են Հայաստանի հարավ-արեւելյան մասում։ Փաստացի, այլեւս չկան ոչ մի «ԱՊՀ արտաքին սահմաններ», ոչ մի խորհրդային սահման եւ պայմանագիր։ Ռուսաստանը հապճեպ փորձում է ռուս-թուրքական նոր սահման գծել։

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու: Այս մասին ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը: «Թուրքիայի համար, որն այսօր իր հովանու ներքո թյուրքական պետությունների համախմբման գիծ է հետապնդում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, շատ կարեւոր է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաեւ Կովկասում՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը», – ընդգծել է Լեպեխինը: Նա համարում է, որ Ռուսաստանում դրան հակադրելու քաղաքականություն մշակված չկա։

Պետդումաի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ակնհայտ է համարում Թուրքիայի եւ Ադրբեջանի «միաձուլումը»։ Նրա կարծիքով, «Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններով կապված» Ռուսաստանը չի կարող չգնահատել այն փաստը, որ «Թուրքիան ու Ադրբեջանը հակահայ փաստաթղթի ստորագրման համար հենց Շուշին են ընտրել»։

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Հակաստանի հետ «պայմանագրային պարտավորություններին»։ Պատերազմի 44 օրերի ընթացքում եւ հետպատերազմյա ամիսներին Ռուսաստանը հետեւողականորեն ապացուցում է, որ չի պատրաստվում կատարել պայմանագրային պարտավորությունները։

Փոխարենը, պատերազմի բացահայտված հանգամանքները, Հայաստանի ջանքերի դիվանագիտական արգելափակումը, միջազգային լեգիտիմ ձեւաչափերում քաղաքական կարգավորման, այդ թվում Արցախի կարգավիճակի քննարկումների արգելափակումը, Բաքվի ներխուժումների ու պատանդառության հովանավորությունը, հակահայ փաստաթղթերի հարկադրումն ամբողջացնում են Ռուսաստանի իրական «պարտավորությունների» բնույթն ու ուղղվածությունը։

Այս իրավիճակում, Հայաստանի անվտանգության փոխանցումը Ռուսաստանին անհեթեթություն է թվում նույնիսկ ռուսներին։ Հատկապես՝ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի նպատակների ֆոնին։ «Դա (ռազմաբազայի ստեղծումը) դուրս չէ Շուշիի հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է զարգացվել Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ժամանակ էլ այն կարող է արծարծվել», ասել է Էրդողանը Շուշի այցելելու հաջորդ օրը։


Դրանից հետո Ալիեւը եւ Էրդողանը խոսել են Պուտինի հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, բազան չի հիշատակվում։ Բրյուսելում կայացած վեհաժողովներից հետո ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ «կպաշտպանի Թուրքիային Սիրիայի կողմից հռթիռային սպառնալիքից»։ Ռուսական փորձագետները ենթադրել են, որ ԱՄՆ Թուրքիային կրկին Patriot համակարգեր կտրամադրի՝ ռուսական Ս 400 դուրս բերելու պայմանով։ Ենթադրվում է, որ Թուրքիան Ս 400 կտեղափոխի Ադրբեջան։

Ռուսաստանն, այսպիսով, հնարավորություն ունի գնահատելու 2014-ից մեկնարկած իր «նոր քաղաքականությունը», երբ թուրքական «անվտանգության գոտիները» կձեւավորվեն Ռուսաստանի բուն սահմանների երկայնքով՝ Ուկրաինայից Կենտրոնական Ասիա։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/27/651427/