Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն արձանագրել է հանգամանք, որը խոչընդոտում է գործի քննությանը։

«Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակին, մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի և հետագայում հնարավոր ձեռք բերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ»,- ասաց Դանիբեկյանը՝ նշելով, որ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, որտեղ Քոչարյանը գլխավորում է ընտրացուցակը, իսկ Արմեն Գևորգյանը՝ 5-րդն է։

Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմը ներկայացնի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ-ի որոշումը։