ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մեկնել է Անթալիա՝ հանդիպելու իր թուրք գործընկերոջը՝ Չավուշօղլուին: Անթալիան ռուս զբոսաշրջիկների սիրած վայրերից է, ինքը Չավուշօղլուն Թուրքիայի տուրիզմի ոլորտում խոշոր բիզնեսմեն է: Նա բավական տուժել է կովիդից ու ռուսների հոսքի բացակայությունից, եւ բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ այդ հոսքը կվերականգնվի, չնայած Ռուսաստանում ու Թուրքիայում համաճարակային ծայրահեղ իրավիճակին: Բայց դա Լավրովի այցի մի կողմն է:

Լավրովը Անթալիա է շտապել այն բանից հետո, երբ Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց «ադրբեջանում» թուրքական ռազմակայան հիմնելու եւ Աֆղանստանում առանցքային դեր ստանձնելու մասին: Ամերիկյան զորքը դուրս է գալիս Աֆղանստանից, եւ ամերիկացիները մտադիր են Քաբուլի օդանավակայանը, այն է՝ այդ երկրում իրենց գործառույթները հանձնել Թուրքիային:

Այս երկու հանգամանքները խիստ անհանգստացրել են ՌԴ ռազմա-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներին, որոնք հույս են հայտնում, որ «ադրբեջանում» թուրքական ռազմակայան չի լինի, իսկ թալիբների հետ էլ լավ հարաբերություններ կան: Իրողությունն այն է, որ Աֆղանստանում առանցքային դեր ստանձնելով՝ Թուրքիան ուղիղ «մուտք» է ստանում Կենտրոնական Ասիա՝ այնտեղ գերակայության հասնելու իրական հնարավորություններով:

Էրդողանը հայտարարել է Շուշիի հռչակագրի օրինակով թուրքական անվտանգության գոտիների ձեւավորման մտադրության մասին, որոնք բնականաբար առնչվում են նաեւ Ուկրաինային ու Կենտրոնական Ասիային: Ղրիմ-Ղարաբաղ կապը թուրքերն արդեն փորձարկել են, հիմա ընթացքի մեջ է Ղարաբաղ-Աֆղանստան կապը: «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիան» գլորվող ձնագնդի էֆեկտ է ունեցել Ռուսաստանի համար:

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ Սենատում քննարկել է Աֆղանստանի ու Ղարաբաղի խնդիրները: Լավրովը Անթալիայում նույնպես քննարկել է Աֆղանստանի ու Ղարաբաղի խնդիրները: Թուրքիան իր նոր դերի դիմաց բնականաբար պահանջներ է դնելու Ռուսաստանի առաջ, որն էլ կատարելու է դրանք, դրանում որեւէ կասկած չկա: Կասկած չկա նաեւ, որ դա լինելու է Հայաստանի հաշվին: Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Լավրովի հայտարարությունները դրա վկայությունն են:

Ռուսաստանի ազդեցությունն իր «ավանդական գոտիներում» թուլանում է, իսկ Հայաստանի դեմ ծավալած արշավը պարզապես նման է հոգեվարքի: Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունների համար Ռուսաստանը շատ թանկ է վճարելու, իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի դեպքում: Կա դրանից խուսափելու մեկ ճանապարհ, որին սակայն Մոսկվան չի գնա՝ բանը բանից վաղուց անցել է:

Հայաստանը շաունակո՞ւմ է վճարել Ռուսաստանի ծրագրերի համար, թե իր մեջ ուժ ու կամք է գտնում անցնել սեփական շահերի ու պահանջների սպասարկմանը: Նոր խորհրդարան անցած ուժերը ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/01/652280/