Բաքվի զլմները ակտիվ քննարկում են ՌԴ ԱԳՆ խորհրդակցությունները ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հետ։ Բաքվի փորձագետներն ասում են, որ խոսքը ՄԱԿ-ի միջոցով Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները ստանալու, տարածքները միջազգային փողերով ականազերծելու եւ «ադրբեջանցիներով» վերաբնակեցնելու մասին է։ Բաքվի փորձագետները պատրաստ են վերաբնակեցնել նրանց նույնիսկ Ստեփանակերտում։ Իսկ Արցախի բնակիչներին նրանք ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիություն տալ եւ նույնիսկ թույլ տալ ապրել Շուշիում եւ Հադրությում։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ` ճանաչելով վերջինիս տարածքային ամբողջականությունը, ընդգծել է, որ արցախյան հակամարտությունը տակավին չի հանգուցալուծվել, քանզի Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և այդ մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուբինյանի պնդմամբ` Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը եւ Բաքուն չի ճանաչել Արցախի կարգավիճակը։

Արցախը երբեք եւ ոչ մի դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա հույս է հայտնել, որ Բաքուն ինչ-որ պահի պատրաստ կլինի խաղաղ կարգավորման։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն անհնար է, մինչեւ Բաքուն ու Երեւանը խաղաղության պայմանագիր չկնքեն։ «Դա կնշանակի, որ չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջեւ, այլեւ տարածաշրջանում», ասել է Ալիեւը։

Հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ալիեւն ասում է՝ խաղաղություն չի լինի առանց սահմանազատման մասին պայմանագրի, Հայաստանը պատասխանում է, որ պայմանագիր կստորագրի այն դեպքում, եթե Բաքուն ճանաչի Արցախը, իսկ Արցախը պնդում է, որ երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։

Պատրա՞ստ է արդյոք Ալիեւը ճանաչել Արցախի անկախությունը։ Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանը եւս հայտարարել է, որ պատրաստ էր կրել «դավաճանի խարանը» եւ 5+2 ռեժիմով վերադարձնել շրջանները, եթե Ալիեւը ճանաչեր Արցախը ԼՂԻՄ սահմաններում։

Այն ժամանակ Ալիեւը չի համաձայնվել, հույս ունենալով, որ հարցը ուժով կլուծի։ Սակայն Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական պատերազմը չի տվել գլխավոր հարցի պատասխանը։ Պատրա՞ստ է Ալիեւը ճանաչել Արցախի անկախությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/01/652534/