Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ այդ պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ թողել է նաև այդ պաշտոնը, իսկ նրա փոխարեն նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական, կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչով է պայմանավորված այդ կադրային փոփոխությունը, պարզ չէ, թեև ըստ ամենայնի այն տեղավորվում է հետընտրական իրավիճակում իր մանդատը վերհաստատած կառավարող մեծամասնության ներքին վերադասավորումներով՝ նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ:

Ըստ այդմ հնարավոր է, որ Արսեն Թորոսյանը պատրաստվում է որևէ կարգավիճակով վերադառնալ կառավարություն, ստանձնելով գուցե նախարարի, գուցե փոխվարչապետի պաշտոն: Հնարավոր է իհարկե ֆունկցիոնալ այլ դերակատարում նոր ձևավորվելիք կառավարությունում կամ իշխանությունում լայն իմաստով: Տեղի ունեցած կադրային փոփոխությունը հավելյալ ուշադրության է արժանանում օրերս Արայիկ Հարությունյանի արած մի հայտարարության ֆոնին, որն առաջացրել է հանրային բուռն քննարկումներ:Խոսքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական վարքագծի և հետընտրական ճակատագրի մասին է: Հարությունյանը հայտարարել էր, որ իրենց չի գոհացրել փաստը, որ Հայկ Մարությանը ակնառու աջակցություն չի ցուցաբերել ՔՊ-ին նախընտրական շրջանում: Նա ասել էր, որ այդ կապակցությամբ ընթանում են ներկուսակցական քննարկումներ, միաժամանակ դրանք արվում են այնպես, որ արդյունքում կայացվող որոշումը չվնասի քաղաքի կառավարման: Սա հիմք տվեց եզրակացության կամ դիտարկումների, որ կառավարող ուժը հաստատելով իր մեծամասնական մանդատը, մտադիր է դնել քաղաքապետի վստահության հարց և գուցե ընդհուպ խթանել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:

Մասնավորապես, ինչպես առիթ ունեցա արտահայտվելու օրեր առաջ, չի բացառվում գուցե այն, որ կառավարող ուժը նախընտրում է գրեթե համապետական ընտրության քաղաքական նշանակություն ունեցող Երևանի քաղաքապետի ընտրությունը չթողնել 2022 թվականին, այլ փորձել այդ խնդրի լուծման հասնել հաղթանակած խորհրդարանական ընտրությանն ավելի մոտ, քանի դեռ թարմ է այդ մեծ հաղթանակը, որը կարող է բազա լինել Երևանի քաղաքապետի ընտրությանն էլ հաղթելու համար: Իհարկե դա հնարավոր մոտիվներից մեկն է, թեև կարծես թե առանձնապես չեն շրջանառվում այլք: Բոլոր դեպքերում հետաքրքիր է նաև, որ կառավարող ուժի ոչ բոլոր շրջանակներից է, որ համաձայնել են Հայկ Մարությանի հանդեպ դժգոհությանը, այդ թվում նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ, որոնք հայտարարել են, որ չեն միանա՝ եթե դրվի անվստահության հարց: Հայկ Մարությանն ինքն էլ հայտարարել է, որ չի տա հրաժարական: Այդպիսով, արդյո՞ք ձևավորվել է ներիշխանական դիմակայություն այդ հարցում, և Արայիկ Հարությունյանի նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, արդյո՞ք նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած «դժգոհների» կողմում է: Թեև իհարկե միամտություն կլինի կարծել, որ Հարությունյանի նշանակումը պայմանավորված է եղել այդ հարցով:

Այդուհանդերձ, ուշադրության է արժանի, որ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն առայժմ որևէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը այն խնդրի հանդեպ, որ բարձրաձայնել է արդեն նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ամբողջ հարցն այն է, որ Հարությունյանը իր հայտարարությամբ սրել է որոշաի ինտրիգ, որը ժամանակի ընթացքում կարող է ստանալ ապակառուցողական, մանիպուլյացիա խթանող բնույթ, ազդելով քաղաքի կառավարման գործընթացի վրա: Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ այս ընթացքոււմ Հայկ Մարությանը գործնականում ընդլայնել է Երևանում ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործընթացը

Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2971908.html 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի