«Շարունակելով եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երեւան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ», ըստ news.am-ի՝ ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ:

Գերիների վերադարձը եռակողմ հայտարարության դրույթներից է, ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը՝ ոչ։ Այսինքն, գերիները պետք է վերադարձվեն առանց կողմերից մեկի լրացուցիչ պարտավորությունների։ Երբ Մուրադովը գերիների վերադարձը եւ քարտեզների փոխանցումը համարում է եռակողմ հայտարարության կատարում, նշանակում է՝ կամ կա այդպիսի առանձին եռակողմ փաստաթուղթ, որի մասին չի հայտարարվել, կամ էլ ռուսական կողմը Բաքվի հետ հայկական կողմին շանտաժի է ենթարկում գերիների հարցով՝ հայկական կողմի վրա դնելով լրացուցիչ պարտավորություն, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է։ Բնականաբար, գործ ունենք երկրորդ հանգամանքի հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նոյեմբերի 9-ից հետո հայ զինծառայողները գերեվարվել են Մուրադովի ենթակաների կասկածելի գործողությունների արդյունքում, մասնավորապես Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում։

Ռուսաստանն ի դեմս Մուրադովի պարտավոր է կատարել եռակողմի դրույթները, դա նրա պարտավորությունն է։ Բաքուն ու Մոսկվան շարունակում են շանտաժը եւ ճնշումները հայկական կողմի վրա, որը կայացնում է էմոցիոնալ որոշում քարտեզների հարցում։ Բարդ իրավիճակ է իհարկե՝ մարդկային ճակատագրեր են, սակայն եղած հնարավորությունները կառավարությունը չի օգտագործում նման իրավիճակից խուսափելու եւ հարցն այլ կերպ լուծելու համար։ 

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/04/653062/