ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությունը, որը հրաժարվեց Հայաստանին օգնելուց, անտեսելով իր իսկ կանոնադրությունը, քաղաքագիտական հանրության սրամտության թեմա է դաձել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը տարօրինակ է թվում, ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ՝ մեկնաբանելով Զասի այն հայտարարությունները, թե «իրավիճակը Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված սահմանային միջադեպ է և չի ընկնում ՀԱՊԿ կոլեկտիվ պաշտպանության մասին կանոնադրական դրույթների տակ»: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ի համար, ըստ էության, սա առաջին դեպքն է, երբ կազմակերպության անդամը դիմում է կազմակերպությանը սույն հոդվածի հիման վրա, բայց ՀԱՊԿ-ը պարտավորություններ ունի», – ասել է նա:

Հիշվում է՝ Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ն իր չմիջամտելը հիմնավորում էր նրանով, որ Հայաստանը օգնության համար չի դիմել դաշինքին: Մայիսի 12-ին Բաքվի զինված ներխուժելուց հետո Հայաստանը դիմեց, բայց գրեթե 2 ամիս անց մերժվեց․ «յոխ», ասաց Բաքվում ռազմական կրթություն ստացած Զասը:

Ռուսաստանն իր ծաղրանկարային բլոկներով պարբերաբար ընկնում է զավեշտալի իրավիճակների մեջ: Ռուսաստանի ձեռնարկած ցանկացած քայլ միայն ցույց է տալիս նրա դաշնակցային և այլ հարաբերությունների մերկությունը: Հայաստանն այլևս կարիք չունի ինչ-որ բան անելու. պարզապես անհրաժեշտ պահին դիմել և մի կողմ քաշվել: Տարածաշրջանում իրողությունների փոփոխման ֆոնին Ռուսաստանն ավելի ու ավելի է նմանվում սայլի հինգերորդ անիվին:

Մոսկվային այլ բան չի մնում, քան մեղադրել Երեւանին արեւմտամետ լինելու մեջ: Ռուս հասարակական գործիչ, գրող, Կրեմլի ֆավորիտ Զախար Պրիլեպինը, ով ամրագրել է «ռուս իմպերիալիստի» կերպարը, գրել է. «Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Նա ի վերջո կապրի Թուրքիայում, բայց չես կարող արգելել նրան ցանկանալ: Սրա վրա պետք չէ վատնել ոչ մի ռուս զինվորի կյանք»: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստիպված էր պատասխանել. «Միակ բանը, որի մասին մեր ժողովուրդը երազում է՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար… »:

Եվրամիությունը Հայաստանի համար մշակել է 1,5 միլիարդ եվրոյի աջակցության նախագիծ, այդ թվում` Սյունիքի մարզի և Հյուսիս-հարավ մայրուղու զարգացման համար: Իսկ ամերիկացի կոնգրեսականները Պենտագոնի հետ քննարկում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումը: Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, մինչ այժմ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունից: Ռուսաստանը Հայաստանին «մեղադրում է» ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ: Մինչդեռ Մոսկվան մեծ հաճույքով տարբեր պոզաներով համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, բայց միևնույն ժամանակ, Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ամեն դեպքում օրինակն են այն բանի, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամների հետ, ի դեմս Թուրքիայի, հնարավոր է կառուցել, և անհրաժեշտ է կառուցել գործընկերային հարաբերություններ», ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: Պեսկովը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «կարող են պահպանել իրենց ինքնիշխանությունը և պատասխանատու դիրք գրավել տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով»:

Ի՞նչն է խանգարում Հայաստանին հետեւել Մոսկվայի խորհրդին եւ համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի եւ մասնավորապես Դաշինքի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/05/653229/