Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։

Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։

Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը։

Մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակությային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։ Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց։

Այլ մանրամասները՝ ստորև։

Էդմոն Մարուքյան