ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COVID-19-ի «Դելտա» կամ հնդկական տարբերակի մասին
Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև՝ պատվաստման գործընթացի վրա:
2021թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Delta տեսակը (B.1.617.2)՝ որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան «Ալֆայինը», կարող է ասոցացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ: Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը՝ «Դելտա» կամ հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:
2021թ-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են «Դելտայի» տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:
Դեռ ավելին, ներկայումս առկա տվյալները վկայում են մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված Delta տարբերակից, քան այլ տարբերակներից: Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից»: