Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 3-ին գրել էր, որ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ մեկնում են Սյունիքի մարզ:

Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ էր ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով:

Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից: