ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօրվա նիստի ժամանակ միջնորդեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը վկայի կարգավիճակով հրավիրվի ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ես միջնորդում եմ՝ ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականի ընտրական գործընթացում մարդու իրավունքների խախտումների տեղեկատվությունը: Եթե սահմանված ժամկետներում այդ տեղեկատվությունը ներկայացնելը անհնարին լինի, միջնորդելու եմ, որ Արման Թաթոյանին ներգրավենք որպես վկա սույն գործով»,- ասաց նա:

ՍԴ դատավորը ներկայացրեց նաև իր երրորդ միջնորդությունը, որով տեղեկատվություն պահանջեց Դատական դեպարտամենտից:

«Առաջարկում եմ ՀՀ Դատական դեպարտամենտից պահանջել տեղեկատվություն հետևյալի մասին՝ ինչպե՞ս են դատարանները մեկնաբանել և կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 226,2 հոդվածում սահմանված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակային քարոզելու բառակապակցությունները: Ես վստահ չեմ, որ մենք ունենք նման դատական պրակտիկա, բայց եթե կա, սա մեզ համար շատ էական է լինելու»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թովմասյանը միջնորդել է գործին որպես վկա ներգրավել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

ՍԴ նախագահ Դիլանյանն առաջարկեց, որ դատավորի ներկայացրած միջնորդությունները քննարկվեն ժամը 18:00-ից հետո՝ խորհրդակցական ձևաչափով: