«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո իշխանությունը ձեռնամուխ է եղել նաեւ թաղապետերին փոխելուն։ Նրանք, ովքեր ընտրություններին չեն արդարացրել իշխանությունների սպասելիքները, պաշտոնանկ են արվում, եւ նշանակվում են ընտրություններին մեծ «տոկոսներ խփած» «տասովշչիկները»։

Աջափնյակի թաղապետից հետո իշխանությունների թիրախում Նոր Նորքի թաղապետն է, առաջիկայում նա հրաժարական կտա։ Քննարկվում է այդ պաշտոնում նախկին ՀՀԿ-ական Գուրգեն Պողոսյանի թեկնածությունը, ով Սերժ Սարգսյանի ժամանակ ղեկավարել է Նորքի 9-րդ զանգվածի ՀՀԿ նախընտրական շտաբը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի մերձավորն է։ Նրան առաջ է մղում Սուրեն Պապիկյանը։


Մեզ ասացին՝ իշխանությունը թաղապետերի փոփոխության, նշանակման հարցերը Պապիկյանին է հանձնել․ որպես «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբի պետ՝ նա է վճռելու, թե ով խրախուսվի, ով «պատժվի» ընտրությունների ժամանակ կատարած աշխատանքի համար։

Ի դեպ, իշխող թիմը որոշել է ժամանակավորապես սառեցնել Մարությանի պաշտոնանկության հարցը․ առաջիկա ամիսներին նրան անվստահություն չեն հայտնի, քանզի վստահ չեն, որ կկարողանան մեծամասնություն ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում