Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Ֆրանսիայի դեսպան Ժnնաթան Լաքոտի հետ քննարկել է համագործակցության հարցեր:

Չոբանյանը մտադիր է առաջիկայում այցելել Ֆրանսիա: Դեսպան Լաքոտը վստահ է, որ այցը կարող է շատ արդյունավետ լինել փոխգործակցության նոր ոլորտների՝ արհեստական ​​բանականության, արբանյակային ծրագրերի, միջուկային արդյունաբերության և այլ ոլորտների առումով։

Ֆրանսիան, փաստորեն, համագործակցության նոր կարևոր ոլորտներ է առաջարկում՝ միջուկային և տիեզերական: Ժամանակին, երբ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին այցելեց Հայաստան, առաջարկվեց ֆրանսիական ընկերությունների հետ բանակցություններ սկսել հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցման շուրջ: Բայց միանգամից հայտնվեց Ռուսաստանը, որը Հայաստանին 300 մլն դոլար վարկ տվեց գործող ատոմակայանի շահագործումը «երկարացնելու» համար: Թե ինչ տեղի ունեցավ «նոր ատոմակայանի» հետ, տեսանելի է բոլորին:

Ֆրանսիան միջուկային էներգետիկայի, արբանյակային արդյունաբերության և արագընթաց երկաթուղիների համաշխարհային առաջատարներից է:

Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը դեռ մայիսին հայտարարել էր, որ Ֆրանսիայում հայամետ մթնոլորտ է ստեղծվել, բայց ՀՀ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում առիթն օգտագործելու համար: Չոբոյանը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտագործել Ֆրանսիայի հետ կապերը ՝ Եվրամիության հետ համագործակցությունում հաջողության հասնելու համար և ոչ թե գրոշներ ստանալ, այլ ամբողջ ոլորտներ զարգացնել: Օրինակ, Չոբոյանն ասում է, որ Հայաստանը և Ֆրանսիան կարող են համագործակցել տիեզերական ոլորտում:

Գարնանը Ֆրանսիան արբանյակներ վաճառեց Ադրբեջանին, և դա մեծ քննադատության տեղիք տվեց Ֆրանսիայի խորհրդարանի հայանպաստ բանաձևերի և ապրիլի 24-ին բարձրաստիճան պատվիրակության Երևան կատարած այցի ֆոնին: Բայց ի՞նչ է անում Հայաստանը Ֆրանսիայի հսկայական գիտատեխնիկական ներուժը ներգրավելու համար:

Մոսկվա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Պուտինին «հիշեցրեց» ՀԿԵ-ի մասին, որ ընկերությունը վերջապես սկսել է թարմացնել իր շարժակազմը: Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը դիմավորեց նոր դատարկ վագոնները: Հարգելի դեսպանը կայցելի՞ Երեւանի մոտ գտնվող Օրբիտա կայան, որը մինչ հայկական հեռացանցերը Ռուսաստանին փոխանցելն արբանյակային կապ էր ապահովում ամբողջ աշխարհի հետ:

Ֆրանսիան կարեւոր քայլ է անում: Հայաստանի կառավարությունը բավարար «դուխ» կունենա՞ ընդառաջ քայլի:

Նյութի աղբյուր՝ Lragir.am