Առավոտից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենք ներխուժած Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ է իրականացնում աշխատասենյակներում։ Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ առգրավում են նաեւ համակարգիչներ։


Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Վահե Հակոբյանը նշեց, որ տեղեկություն չունի։

Նշենք, որ խուզարկության ընթացքում կա նաեւ մեկ բերման ենթարկված անձ։ Հակոբյանը հայտնեց, որ անձը շենքի անվտանգության աշխատակիցն է՝ Տիգրան Ներսեսյանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը հայտնել է, որ ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատն առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է կոմբինատի վարչական շենք. ««Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,– ասել էր նա:

Վահե Հակոբյանը հիշեցրել է, որ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եւ եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու: