Երեկ Փարաքար-Զվարթնոց ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կողաշրջվել է պարեկային ծառայության մեքենան։ Ողբերգական վթարի մասին մանրամասներ է հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 անձ տեղում մահացել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ: Մահացածներից 2-ը հայտնաբերվել են դրսում, մեկն էլ՝ ավտոմեքենայի մեջ: