Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ավարտել է արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։

Միության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ինչպես հիշում եք, մենք նախորդ տարվանից իրականացնում ենք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։

Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։

Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով Ձեզ կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները։ Սպասե՛ք նորությունների»:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների, թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։