Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի կողմից նախընտրական շտաբերի աշխատակիցների աշխատավարձերը չվճարելու մասին լրագրողների հետ զրույցում պատմել էին Գյումրու Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի աշխատակիցները։

ArmDaily.am-ի հետ զրույցում Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք ոչ մի ֆինանսկան հարցի չեն առնչվել՝ բոլոր ֆինանսական հարցերով զբաղվել է բացառապես Արզաքանցյանը և որ կուսակցության բոլոր անդամները կամավոր սկզբունքով են կատարել իրենց աշխատանքը։ Անդրադառնալով Գյումրու շտաբի աշխատողներին չվարձատրելու մասին տեղեկությանը, Սարգսյանն ասաց, որ դեռևս մեկ շաբաթ առաջ Արզաքանցյանը պիտի հանդիպած լիներ շտաբերի ղեկավարներին և որ ինչպես ինքը գիտի՝ բոլորին արդեն պետք է, որ վարձատրած լինեն, իսկ ովքեր հայտարարում են, որ իրենց չեն տվել գումարը՝ շանտաժի տարրեր են նկատվում։

Գյումրու նախընտրական շտաբի ղեկավար Գարիկ Մուրադյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Տիգրան Արզաքանցյանն անձամբ է իրենց հետ պայմանավորվածություն ձեռք բերել շտաբի աշխատողների վարձրատրության հետ կապված բոլոր հարցերով։ Բացի այդ, հավելեց, որ ընտրություններից առաջ դիմում է ներկայացրել և անդամագրվել դեմոկրատական կուսակցությանը։ «Հենց Արզաքանցյանի հետ է եղել մեր պայմանավորվածությունը։ Գումարները խոստացել է, որ վճարվելու է երկու կեսով՝ մի մասը ընտրարշավի ընթացքում, երկրորդ մասը՝ մինչև ընտրարշավի վերջը։ Ոչինչ չենք ստացել, ոչինչ»,-ասաց Մուրադյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ ինքն է հանդիսանում դեմոկրատական կուսակցության Գյումրու շտաբի ղեկավարը և իր հետ հանդիպում ունեցել է Արզաքանցյանը։

«Ինձ հետ հանդիպում ունեցել է՝ ինձ ոչինչ չի վճարվել։ Հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ինչու կուսակցությունը բավական ձայներ չի հավաքել ընտրությունների ժամանակ։ Չվճարված աշխատավարձերի մասին իմ հարցի պատասխանն այն է, որ մարդիկ չեն պատրաստվում գումար վճարել, մի բան էլ մարզի վրա ինչքան որ գումար են ծախսել՝ այդ գումարն են հետ ուզում։ Ասում են՝ ռեկլամնի պաստառներ ունենք վարձակալած, մարզի վրա գումար ենք ծախսել, աշխատանք ենք տարել, շտաբների վրա ինչ գումար ծախսել են՝ հետ են ուզում և ես պիտի վերադարձնեմ այդ գումարները։ Իրենց հաշվարկով դա կազմում է 25 հազար դոլար ու դրա կրկնակին մենք պիտի իրենց վերադարձնենք, թե ինչպես են հաշվարկել չգիտեմ։ Խնդիրն այն է, որ մինչև վերջին օրը իրենք աշխատավարձերը չվճարեցին մարդկանց ու քանի որ աշխատավարձերը չէին վճարել՝ դրանից ելնելով վստահված անձանց մենք չուղարկեցինք ընտրատարածքներ, որովհետև հետո այդ վստահված անձինք էլ էին գալու իրենց աշխատավարձերը պահանջելու մեզանից։

Իրենք էլ ասում են, քանի որ չեք ուղարկել վստահված անձանց՝ մեր գործը պռավալ է գնացել, դրա համար այդ գումարներն ամբողջությամբ հետ եք վերադարձնելու»,-ասաց վերջինս։ Նա հաստատեց, որ Արզաքանցյանն անձամբ է իրենից այս գումարը պահանջել։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրեն ասել են, որ ծախսված 25 հազար դոլարի դիմաց պահանջում են կրկնակին՝ 50 հազար դոլար։ Մուրադյանը հավելեց նաև, որ Արզաքանցյանն իր հետ հանդիպման ժամանակ ներկա է եղել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ «Սպառնալից տոնով խոսացել է ինձ հետ, ես արդեն դատախազություն եմ դիմել»,-ասաց Գարիկ Մուրադյանը։ Բացի այդ, նա ասաց, որ դեմոկրատական կուսակցությունից իրեն ասում են, որ իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ, որ ֆինանսական հոգսերն ամբողջովին Արզաքանցյանի վրա են եղել։ Փորձեցինք կապ հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։ Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնչեցվող մեղադրանքները հերթական փորձն են Տիգրան Արզաքանցյանի բարի անվան հետ խաղալու։

«Այն մարդիկ, որոնք պայմանագիր են կնքել դեմոկրատական կուսակցության հետ՝ նրանք լիովին ստացել են գումարները, իրենց աշխատավարձները և վերջնահաշվարկն էլ հիմա ընթացքի մեջ է։ Աշխատավարձերը ստացել են դեմոկրատական կուսակցությունից»,-ասաց Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, որ Արամ Սարգսյանն ասել է, որ բոլոր ֆինանսական հարցերով զբաղվել է Տիգրան Արզաքանցյանը, վերջինս հակադարձեց, որ չի ուզում մեկնաբանել Արամ Սարգսյանի ասածը։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պայմանագիր դեմոկրատական կուսակցության հետ՝ նրանք ստացել են իրենց գումարները։ Այն մարդիկ, ովքեր չունեն պայմանագիր, ինչ-որ ձև ուզում են ինչ-որ լրացուցիչ գումարներ կորզեն, վերցնեն պրն Արզաքանցյանից»,-հայտարարեց Արզաքանցյանի խոսնակը։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ դեմոկրատական կուսակցության ընտրական շտաբերի ղեկավարների հետ հանդիպելուն, ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի և որ լիներ՝ ինքը կիմանար։

Անդրադառնալով Գյումրու շտաբի ղեկավար Գարիկ Մուրադյանի կողմից հնչեցված մեղադրանքներին՝ ասաց․ «Կարող եմ ասել, որ դա խաբեբայություն է՝ այդպիսի բան չկա։ Նա ժամանակին ստացել է գումարներ, չեմ կարող նշել որքան ու չի բացառվում, որ նաև սեփական կարիքների համար է ծախսել և հիմա նման հիմնազուրկ, բարձրագոչ պնդումներով փորձում է նորից գումար կորզել։ Սա փաստացի կարող է որակվել որպես խարդախություն, ինչը միանշանակ քրեորեն պատժելի արարք է»,-ասաց Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ Արզաքանցյանը չի պահանջել նաև Գյումրիում նախընտրական շրջանում ծախսված 25 հազար ԱՄՆ դոլարի կրկնակին՝ դա ևս սուտ որակվեց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում