Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին ծառայակցի գնդակից սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, նախաքննությունը շարունակվում է արդեն 4 ամիս, ինչն էլ անհանգստացնում է նրա ընտանիքին ու հարազատներին։ Թեև այս դեպքն առանձնանում է շատ սպանություններից և Սեյրան Օհանյանի ուշադրության ներքո է գտնվում, սակայն այդ հանգամանքը չի սփոփում նրանց. նրանք մտահոգվելու պատճառ ունեն, ինչպես իրենք են ասում՝ էս երկրից ամեն ինչ սպասում են։
Մտահոգությունը համալրվել է ևս մեկ հանգամանքով. «Ժողովուրդ» թերթի երեկվա հրապարակամամբ, ըստ որի Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան ու հետազոտել, ինչի մասին թերթին հայտնել է նրա եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը։

Լյուքս Ստեփանյանի մերձավորները կասկած են հայտնում, որ այդ քայլով փորձ է արվում նրա հոգեվիճակի վերաբերյալ այնպիսի «փաստեր» ձևակերպել, որոնք կարող են ազդել արդար դատաքննության, հետագա պատասխանատվության վրա։
Երեկ այս մասին մեզ հայտնեց խմբագրություն զանգահարած հայրը՝ Իշխան Ստեփանյանը։ Տեղեկացանք նաև, որ նա հրաժարվել է պետության աջակցությունից։ Նրանց 2 մլն 450 հազար գումար է փոխանցվել գերեզմանի կառուցման աշխատանքների համար, սակայն հայրը համառորեն հրաժարարվում է այդ աջակցությունից։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: