ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ դաշնակցական մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել Եվրոպական խորհրդի նախահագ Շարլ Միշելի Հայաստան այցի դեմ։ Երիտասարդ դաշնակցականները հավաքվել են, որ հարցնեն Միշելին՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էր, երբ Արցախի նկատմամբ կիրառվում էր ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր քաղաքացիական բնակչությանը։ Ինչո՞ւ են հիմա եկել, արդյոք փորձում են գնել Հայաստանը։ Հայաստանը վաճառքի համար չէ։ Այն օրակարգը, որով եկել են, չեն հաջողելու։
Իսկապես կարևոր հարց է բարձրացվել երեկ Երևանում՝ ուր էր Արևմուտքը առհասարակ պատերազմի ժամանակ։
Թույլ տամ ես էլ իմ կողմից հարցնել երիտդաշնակներին և նրանց հոգևոր հայրերին, ովքեր առանց կաշկանդվելու ստանձնել են մեր երկրում հինգերորդ շարասյան դերը՝ իսկ ո՞ւր էր ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավորը ամբողջ պատերազմի ժամանակ։ Ո՞ւր էին իրենք, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարում էր, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, կարգավիճակի հարցը փակված է, հակամարտությունն էլ լուծված է։
Ուր էին երիտ կամ ոչ երիտ՝ ավագ դաշնակցականներն ու նրանց իր դաշինքում տեղավորած Քոչարյանը, երբ Շոյգուն հայտարարում էր, որ Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել։ Կամ երբ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչը հայտարարում է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։
Այսպես միակողմանի հավատարմության երդումներ տալ Արցախում Լավրովի պլան իրագործած երկրին, այդ երկրի նախագահին, ՌԴ Պաշտպանության և ԱԳ նախարարներին գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժգոհություն եք հասունացնում Հայաստանի դեմ Արևմուտքում, պատկերացում կա՞, թե դա ինչ անվտանգային ռիսկեր է առաջ բերում բոլոր ուղղություններով»։