Նիկոլ Փաշինյանին շտապ Մոսկվա կանչելուց եւ նրա հետ ցավոտ որոշումների կայացման մասին խոսելուց հետո Պուտինը շտապ կանչել է Ալիեւին եւ նրան շնորհակալություն հայտնել կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ ասելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:

«Հետպատերազմյա կարգավորումը» կամ եռակողմ փաթեթն իրականում Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնություններն են, որտեղ Երեւանին վերապահված է միայն ստորագրողի դերը՝ պատերազմի արդյունքներն ու եռակողմ փաթեթը «լեգիտիմացնելու» համար: Մինչ այժմ համենայնդեպս հրապարակային Երեւանը ստորագրել է երկու փաստաթուղթ, ներկայում փորձ է արվում պարտադրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը: Դրա համար կիրառվում են հիբրիդային պատերազմի բոլոր տարրերը՝ հակահայ քարոզչությունից մինչեւ Բաքվի ռազմական ներխուժումներ:

Այս համատեքստում, Պուտինի նշած փոխզիջումները Հայաստանին չեն վերաբերում, այլ՝ Մոսկվա-Բաքու-Անկարա տիրույթում որոշակի խնդիրներին ու առեւտրին: Հայաստանն այստեղ սուբյեկտ չէ, եւ բնականաբար այդ խնդիրները փոխզիջումային լուծումներ են ստանալու Հայաստանի հաշվին:

Դրա վկայությունը Ալիեւի այցին նախորդող օրերին Բաքվի ու Մոսկվայի մամուլում ծավալված քարոզչությունն էր, որի հիմնական ուղղվածությունն այն էր, որ Հայաստանը դառնում է Արեւմուտքի ֆորպոստը, Արեւմուտքը ապալեգիտիմացնում է եռակողմ փաթեթը, Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից, Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախի անկախությունը եւ զորք տեղակայել Արցախում ու Հայաստանի սահմաններին:

Նկատելի էր, որ Մոսկվան Բաքվին վախեցնում էր Երեւանով, Բաքուն էլ իր հերթին վախեցնում էր Մոսկվային Երեւանով: Մնում է՝ Երեւանը չվախենա ինքն իրենից. այս իրավիճակն արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ ռուս-թուրքական համաձայնությունների կողմերը կախված են Երեւանի ստորագրությունից, որը եռակողմ փաթեթի՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ցեղասպան քաղաքականության «լեգիտիմացման» միակ տարբերակն է:

Երեւանը չպետք է ստորագրի այդ փաստաթղթերը արդեն իսկ Մոսկվայի ու Բաքվի կողմից եռակողմ հայտարարության դրույթները խախտելու հիմքով, պնդելով սեփական «փոխզիջումային լուծումները»: Այլ հնարավորություն չի լինելու:

Նյութի աղբյուր՝https://www.lragir.am/2021/07/21/656384/