Արագածոտնի մարզում հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:


Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված, Գեղաձոր համայնքին պատկանող «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած օդի ալիքը վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր:

Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները: Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, որոնք 2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերել ևս մեկ հոգու:

Հավաքվածներն ասում էին, որ այդ մեկ հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են: Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին օգնության ձեռք մեկնեն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Կայքի հետ զրույցում մի քանի գյուղացիներ ասում էին. «Այնքան ուժգին էր պայթյունի ձայնը, մեզ թվաց, թե գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական զորամասում պայթյուն է տեղի ունեցել, բայց եկանք էստեղ, լրիվ ուրիշ պատկերի ականատես եղանք: Անվադողի պայթյունի հետևանքով ջահել տղեն շպրտվել էր մեքենայի միջից, տան պատուհանները, դռները ճաղավանդակներն ու առաստաղը, գույքի մի մասը փշրվել ու կոտրվել էին»: