Մամուլում շրջանառվող տեղեկություններ համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվելու է ԱԽ քարտուղար՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին, ով արդեն նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ: Իր հերթին Ալեն Սիմոնյանը դառնալու է ԱԺ նախագահ՝ փոխարինելով Արարատ Միրզոյանին:

Միրզոյանը 2020 թվականի հայտարարագրի համաձայն ունի երկու անշարժ գույք: Դրանք բնակարաններ են, որոնք գտնվում են Աջափնյակում ու Շենգավիթում: Երկու դեպքում էլ համատեղ սեփականություն է: Բնակարաններն առկա են եղել ինչպես տարվա սկզբում, այնպես էլ՝տարվա վերջում: Տարվա ընթացքում անշարժ գույքի առուվաճառք չի եղել:

Շարժական գույք ԱԺ նախագահը չունի:

Միրզոյանը չունի նաև բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնած և վերադարձված փոխառություններ, հանձնած և վերադարձված ավանդներ, թանկարժեք գույք:

Դրամական միջոցների մասով՝ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 10 միլիոն դրամ տարվա սկզբում, 1,6 միլիոն՝ տարվա վերջում:

Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ չկա:

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,220,000 դրամ տարվա սկզբում, 5,8 միլիոն՝ տարվա վերջում:

Միրզոյանի եկամուտը եղել է բացառապես աշխատավարձից՝ 12,313,970 դրամ: