Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, կալանավորելու որոշումն այսօր կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում։ Այդ մասին Factor.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը: Փաստաբանի խոսքով՝ բողոքի հիմքերը մի քանիսն են։ Մասնավորապես, Սուքիասյանին կալանավորման միջնորդություն է ներկայացվել՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու: «Այդ եղանակով հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը պնդում է, որ դա հիմնավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման:

Սակայն, ինչպես և սպասվում էր, դատավոր Վաչե Մարգարյանը բավարարեց միջնորդությունը, ինչն ակնհայտ ապօրինի է և ենթակա է բողոքարկման»,- նշեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ): Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ:

Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: