«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները: Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել:

Ըստ էության, նա իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որեւէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ- ում ՀՀ դեսպան նշանակվի: Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ըստ էության նաեւ կատարում է նախարարի պարտականությունները:

Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։