Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ այսօր՝ հուլիսի 29-ին, Երևան քաղաքի Ամիրյան 7/35 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում դիմակավորված, նռնակով զինված ավազակային հարձակում կատարելու փաստով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով աշխատակցից պահանջել գումար:

Աշխատակից, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Մ-ն դիմադրություն է ցուցաբերել, չի վախեցել, որից հետո վերջիններս դիմել են փախուստի, սակայն փոխանակման կետի տնօրեն, Երևանի բնակիչ Արթուր Խ-ն հետապնդել է մինչև Ամիրյան 13 հասցե: Արդեն բակում նրանցից մեկին Արթուր Խ-ն բռնել է, իսկ մյուսը դիմել է փախուստի: Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ բռնվածը Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Բ-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանությսն կետրոնական բաժին: Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչերը հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մարտական նռնակը և բժշկական դիմակ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղում տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Դավիթ. Բ-ի հետ ավազակային հարձակմանը մասնակցել են Արմավիր մարզի բնակիչներ, 27-ամյա Իսահակ Հ-ն և 32-ամյա Արթուր Բ-ն: Վերջիններս ոստիկանների կողմից իրականացված «3-ը մեկում» հատուկ օպերացիայի շրջանակում Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացել են քննչական 3-րդ բաժին: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նշված անձինք հարազատ եղբայրներ են: